
ԵՊՀ երգչախումբը ձևավորվել է 2006 թվականի օգոստոսին:
Երգչախումբն իր գործունեության ընթացքում ներկայացրել է շուրջ վեց տասնյակ երգեր: ԵՊՀ Երգչախմբի պարապմունքներին մասնակցում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողները:
Հիմնադրման օրվանից սկսած երգչախումբը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, մրցույթների, համերգների, նկարահանումների, որոնք կատարվել են նաև համալսարանի շրջանակներից դուրս: Երգչախումբը ներկայանում է ինչպես հայկական, այնպես էլ բազմալեզու երգերով (անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն): Երգչախումբը մասնակցություն է ունեցել «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» երիտասարդական մշակութային արշավին, որի շրջանակներում հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Ջավախքում: Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը ներկայացնել է Հայաստանը Բուխարեստում անցկացված Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) 60-ամյակին նվիրված մեծամասշտաբ միջոցառումներին՝ ֆրանկոֆոն բուհերից ընտրված 10 երգչախմբերի հետ միասին մասնակցելով միասնական երգի և տեսահոլովակի ստեղծմանը:
2019 թվականին Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում երգչախումբը «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների մասնակցությամբ իրականացրել է Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ուսանողական պրեմիերան(Ռեժիսոր՝ Կ.Դավթյան, Բեմանկարիչ՝ Աննա Հարությունյան):
Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ` երկու ժամ տևողությամբ: Երգչախումբ ընդգրկվելու համար ուսանողները մասնակցում են մրցույթ-ստուգատեսների, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր ունեն ձայնային տվյալներ: Խմբի անդամները պարբերաբար ելույթ են ունենում անհատական կատարումներով:
ԵՊՀ երգչախմբի խմբավարն է բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն Կարասեֆերյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը: