
Հաշվի առնելով կինոյի ազդեցության մեծ ուժը նոր սերնդին մշակութային բարձր ճաշակ թելադրելու գործում, և այն հանգամանքը, որ ներկայումս թյուրըմբռնում կա կինոյի վերաբերյա՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը 2009թ. ստեղծեց «Կինոակումբ», որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ կինոյի այնպիսի գոհարներին, որոնք իրական պատկերացում կարող են տալ կինոարվեստի ընկալման վերաբերյալ:
«Կինոակումբի» աշխատանքները կազմակերպում և համակարգում են ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Նիկե» ջոկատի անդամները ՝ ձգտելով ներգրավել առավել շատ ուսանողներ, տարածել «Կինոակումբի» գործունեությանը վերաբերող տեղեկատվություն, հնարավորինս յուրահատուկ և պատշաճ մակարդակով կազմակերպել յուրաքնչյուր հանդիպում և կինոդիտում` նպաստելով ուսանողների բարձր ճաշակի ձևավորմանը, տեղեկանալ կինոյի ոլորտի վերաբերյալ նրանց պահանջմունքներին և առաջարկություններին:
«Կինոակումբի» ստեղծման և գործունեության հիմնական գործընկերն է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, իսկ «Կինոակումբի» համակարգողն է Ազգային կինոկենտրոնի գլխավոր նկարիչ Աշոտ համբարձումյանը: Հինգ տարի շարունակ կինոկենտրոնի աջակցությամբ իրականացվում են հայկական և արտասահմանյան արտադրության դասական, ռետրո և ժամանակակից կինոդարանի ֆիլմերի ցուցադրություններ: Յուրաքանչյուր տարի «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում մեկ ամիս շաբաթը մեկ անգամ ցուցադրվում են զուտ հայկական ֆիլմեր, լինում են նաև պրեմիերաներ:
«Կինոակումբի» շրջանակներում կազմակերպվում են նաև հայտնի մշակութային գործիչներին նվիրված հոբելյանական ցուցադրություններ և կինոդիտումներ՝ կապված կարևոր մշակութային իրադարձությունների հետ: Ֆիլմի դիտումներին մասնակցում են ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Սլավոնական համալսարանի և այլ բուհերի ուսանողներն ու դասախոսները:
Կինոակումբի ստեղծման նպատակներն են`
- ստեղծել բուհերի շրջանակներում նմանը չունեցող կինոակումբ,
- ուսանողության շրջանում նպաստել բարձր ճաշակի ձևավորմանը,
- համագործակցել մասնագիտացված համապատասխան կառույցների հետ, և ուսանողությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ դասական և ժամանակակից կինոարվեստի առավել արժեքավոր ֆիլմերին,
- հանդիպում-քննարկումների միջոցով ներկայացնել կինոարվեստի ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ երիտասարդ ներկայացուցիչներին և կենդանի շփման միջոցով հնարավորություն տալ ծանոթանալու նրանց կյանքին և ստեղծագործություններին:
Կինոդիտումների մուտքն անվճար է:
Ցուցադրությունները տեղի են ունենում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 15.00 : Կախված ֆիլմի բնույթից` հրավիրվում են կինոգետներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, սցենարիստներ, ստեղծագործական խմբի ներկայացուցիչներ: Ցուցադրությունից անմիջապես հետո տեղի են ունենում քննարկումներ հյուրերի և հանդիսատեսի միջև:
Կինոակումբի համակարգողը Վարսիկ Սահրադյանն է: