Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Faculty of European Languages and Communication
:
>

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն իրականացնում է բազմաբնույթ ուսումնամեթոդական և գիտական գործունեություն, ապահովում է գործնական անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և իտալերենի ուսուցում` որպես հիմնական և երկրորդ մասնագիտական լեզուներ, տեսական գիտելիքներ է հաղորդում բանասիրության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութաբանական իրողություններին, պատրաստում է տարբեր բնագավառների թարգմանիչներ:

Անգլիական բանասիրության ամբիոնում բակալավրի աստիճան ապահովող ծրագրի պահանջները բավարարելու համար հատկապես կարևորվում են բառագիտության, ոճագիտության, հնչյունաբանության, քերականության տեսության, ուսումնասիրվող լեզվի պատմության, ձևաբանության և շարահյուսության, թարգմանաբանության, լեզվամշակութաբանության և կիրառական լեզվաբանության ոլորտների գիտելիքները:

Մագիստրոսական երկամյա ուսուցումը հիմնվում է ժամանակակից գիտական ձեռքբերումների վրա՝ ներառելով գիտական իմացության այնպիսի տարաբնույթ ոլորտներ, ինչպիսիք են գործառական ոճագիտությունը, տեքստի մեկնաբանությունը, գործաբանական լեզվաբանությունը, հոգելեզվաբանու-թյունը, դիսկուրսի տեսությունը, մշակութային մարդաբանությունը և այլն, որոնք նաև նպաստում են անհատի ձևավորմանն ու կայացմանը: Մագիստրոսի աստիճանի ապահովումը ենթադրում է նաև լեզվաբանական և լայն բանասիրական տեսագործնական խնդիրներ լուսաբանող մագիստրոսական թեզի իրականացում և պաշտպանություն:

Ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի և մասնավորապես ամբիոնի վարիչի ակտիվ ջանքերով հիմնադրվել է Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիան, որն Անգլերենի ուսումնասիրության եվրոպական ֆեդերացիայի անդամ է 2003թ. սեպտեմբերից: Ասոցիացիան կանոնավոր կերպով կազմակերպում է անգլերեն լեզվին, գրականությանը և մշակույթին վերաբերող գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ` նպաստելով ոչ միայն Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի դասախոսների և հետազոտողների մասնագիտական և գիտական համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, այլև տարբեր երկրների բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնն ակտիվորեն իրականացնում է լայնածավալ ու բազմամակարդակ կրթական ծրագրեր տարբեր ֆակուլտետ-ներում: Դրանք ուղղորդված են անգլերենի ուսուցումը ծառայեցնելու ուսանողների մասնագիտական նպատակներին:

Այսօր Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնը վարիչի և իր գործընկերների ջանքերի շնորհիվ, դարձել է Միջազգային թեստավորման պաշտոնական կենտրոն, ինչը հաջողությամբ է անցկացնում TOEFL-ի (ibt, pbt) (անգլերենի որպես օտար լեզվի թեստ) և ITEP (անգլերենի իմացության միջազգային թեստ) դասընթացներ և քննություններ անգլերեն լեզվի իմացության միջազգային վկայագրի տրամադրմամբ:

Ամբիոնը նաև կազմակերպում է մասնագիտական անգլերենի (Professional English) ուսուցում ԵՊՀ-ի վարչական և տարբեր մասնագիտություններ ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Ամբիոնի նպատակն է տարբեր բնագավառներում մասնագիտացող ապագա գիտնականներին տալ մասնագիտական անգլերենի հուսալի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն նրանց ներկայացնելու ՀՀ գիտական պոտենցիալը միջազգային ասպարեզում:

Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի կողմից անգլերենի դասավանդման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդները նպաստում են ընդհանուր անգլերենի իմացության խորացմանը զուգահեռ ուսանողների մոտ մասնագիտական գիտելիքների և անգլերենով դրանց փոխանցելու ունակությունների զարգացմանը: Անգլերենի կրթական ծրագրի նպատակը սովորողների մոտ հաղորդակցական կարողություններ զարգացնելն է տարբեր բաղադրիչներով՝ ընդգրկելով խոսքային գործունեության բոլոր հմտությունները՝ ունկնդրել, ընթերցել, խոսել, գրել:

Քանի որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից առաջատար մեթոդաբանությունը չի կարելի լիարժեք համարել առանց նորագույն տեխնոլոգիաների (ICT) կիրառման. ամբիոնի կողմից ներդրվել և արդյունավետ կիրառվում է համակարգչային Edusoft – English Discoveries ծրագիրը, որն ընդգրկում է 12 մակարդակներ՝ տարրականից (basic) մինչև բարձր (executive)՝ ներառյալ գործարար անգլերենը (Business English): Այս ծրագիրը մեծ հնարավորություններ է ստեղծում թե՛ դասախոսի, թե՛ ուսանողի համար և հնարավորություն ընձեռում ուսումնական գործընթացում ցուցաբերել անհատական մոտեցում, բացահայտել յուրաքանչյուր ուսանողի գիտելիքների մակարդակը և օգնել նրան հաղթահարելու դժվարությունները և լիարժեք ինտեգրվելու ուսումնական գործընթացի մեջ:

Ամբիոնի կողմից առաջարկվող բազմամակարդակ A1-ից մինչև C2 կրթական ծրագրերը օգնում են ուսանողներին կատարելագործելու իրենց խոսքի մշակույթը, իսկ տարաբնույթ մեթոդների կիրառումը հետաքրքիր և արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը:

Ամբիոնին կից գործում է Անգլիական ակումբը (English Club), որի հանդիպումներին ուսանողները հանդես են գալիս իրենց հուզող հարցերով, մասնակցում քննարկումների, ներկայացնում զեկուցումներ: Կազմակերպվում են նաև արտալսարանային դասեր թանգարաններում, ցուցահանդեսներում և այլուր:

«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերենե մասնագիտությունը համեմատաբար նոր է ֆակուլտետում: Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների միջև մշտապես զարգացող տնտեսական, միջազգային, կրթական, մշակութային կապերի շնորհիվ այսօր միջմշակութային հաղորդակցության ոլորտի լեզվաբանությունը լայն պահանջարկ ունեցող մասնագիտություն է: Այս ամբիոնի նպատակն է պատրաստել անգլերենի բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան արդյունավետ հաղոր-դակցվել տարբեր լեզվամշակույթների ներկայացուցիչների հետ՝ կիրառելով լեզուների հարմարակման (ադապտացիա) մեխանիզմը:

Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնում կատարվում է նաև գիտահետազոտական աշխատանք՝ ուղղված լեզվի և մշակույթի, ճանաչողական լեզվաբանության, միջմշակութային գործաբանության տարբեր բնագավառներին առնչվող խնդիրների լուծմանը:

Ֆրանսիական բանասիրության ամբիոնը սպասարկում է ԵՊՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետները` ապահովելով ֆրանսերենի ուսուցում ակադեմիական նպատակների համար: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Պոլ Վալերիի անվան համալսարանի հետ, որտեղ ամեն տարի վերապատրաստման կուրսեր են անցնում ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները: Առաջիկայում Ֆրանսիական բանասիրության ամբիոնը նախատեսում է Ֆրանսերեն բաժնի մագիստրատուրայում ներմուծել նոր մասնագիտացումներ` հաշվի առնելով եվրոպական կրթական համակարգում առկա մասնագետների ինտեգրման միտումները (ֆրանսերեն և եվրոպագիտություն, ֆրանսերեն և միջմշակութային հաղորդակցություն, ֆրանսերեն և լեզվաբանական ինժեներիա):

Ռոմանական բանասիրության ամբիոնում այսօր իրականացվում է ռոմանական երեք լեզուների` իսպաներենի, իտալերենի և պորտուգալերենի դասավանդում: Ընդ որում, իսպաներենը և իտալերենն ունեն առաջին մասնագիտական լեզվի կարգավիճակ, իսկ պորտուգալերենը դասավանդվում է մագիստրատուրայում որպես երկրորդ օտար լեզու:

«Իսպաներեն լեզու և գրականություն» մասնագիտությունը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ տիրապետել աշխարհի ամենատարածված լեզուներից մեկին` իսպաներենին, ինչպես նաև բավարար չափով գիտելիքներ ստանալ իսպանախոս աշխարհի քաղաքակրթության վերաբերյալ: Ռոմանական բանասիրության ամբիոնն ունի Իսպաներենի կաբինետ, հարուստ գրադարան, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, որոնք մատչելի են ուսանողությանը: Ամբիոնում մշտապես աշխատում է Իսպանիայից գործուղված դասախոս, որը դասավանդում է մի շարք առարկաներ, ինչպես նաև ապահովում է կապը Իսպանիայի բուհերի և այլ կազմակերպությունների հետ: Ամեն տարի` մայիս և նոյեմբեր ամիսներին, Ռոմանական բանասիրության ամբիոնում իսպանագիտական ուսումնասիրություն-ների հայտնի կենտրոնի՝ Սերվանտեսի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպվում են «Իսպաներենը որպես օտար լեզու» դիպլոմի որակավորման միջազգային քննություններ՝ ըստ լեզուների իմացության եվրոպական արդի չափանիշների: Ամբիոնում իրականացվում են մի շարք գիտամշակութային ծրագրեր, որոնց մասնակցում են նաև ուսանողները: Նման ծրագրերից է ամենամյա ՈՒսանողական թարգմանչական մրցույթը, որի արդյունքները ամփոփվում են առանձին ժողովածուներով` «Ծաղիկ թարգմանությանց» խորագրով: Այսպիսով, իրենց ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում գործնականում դրսևորել իրենց թարգմանչական ունակությունները և տպագրել իրենց թարգմանությունները:

Հայաստանի Հանրապետությունում և աշխատանքի միջազգային շուկայում իսպաներենի դերն ու նշանակությունը շատ մեծ է: Եվ եթե նկատի ունենանք աշխարհում իսպաներենի տարածվածության գործոնը, նաև իսպանախոս երկրների հետ մեր հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային հարաճուն կապերը, ապա պարզ կդառնա, որ □Իսպաներեն լեզու և գրականություն□ մասնագիտությունը կշարունակի մնալ արդիական և պահանջված:

«Իտալերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնագիտական մակարդակով տիրապետել իտալերենին և ստացած գիտելիքները կիրառել գործնական աշխատանքում: Այսօր մեր շրջանավարտներն աշխատում են տարբեր բնագավառներում` բուհերում, պետական մարմիններում, դիվանագիտական ծառայություններում, Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատանը և իտալական կազմակերպություններում: Իտալերենի մասնագիտական դասընթացները իրականացվում են Ռոմանական բանասիրության ամբիոնի կողմից: Ամբիոնն ունի Իտալերենի կաբինետ, հարուստ գրադարան, տեսադարան և ապահովված է տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Ամբիոնում մշտապես աշխատում է Իտալիայից գործուղված դասախոս, որը դասավանդում է մի շարք առարկաներ: Զանազան ծրագրերի շրջանակներում ամեն տարի Իտալական բաժնի որոշ ուսանողներ և դասախոսներ վերապատրաստման դասընթացներ են անցնում Իտալիայի տարբեր համալսարաններում: Ամեն տարի` մայիս և նոյեմբեր ամիսներին, Ռոմանական բանասիրության ամբիոնում Սիենայի համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվում է իտալերենի որակավորման քննություն՝ ըստ լեզուների իմացության եվրոպական արդի չափանիշների:

«Իտալերեն լեզու և գրականություն» մասնագիտությունն ընտրող ուսանողները ընդգրկվում են Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվող տարբեր ծրագրերում և հնարավորություն ունեն մասնակցելու դեսպանատանը պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին, ինչպես նաև օգտվելու դեսպանատան հարուստ գրադարանից:

Ֆակուլտետում օտար լեզուների դասավանդումն իրականացվում է միմյանց լրացնող մի շարք մասնագիտական դասընթացների միջոցով. գործնական լեզվի դասավանդումը զուգորդվում է բազմաթիվ տեսական առարկաներով, որոնք հնարավորություն են տալիս լեզվական միջավայրի բացակայության պայմաններում պատրաստել բարձրակարգ մասնագետներ:

Ֆակուլտետը պարբերաբար հրավիրում է մասնագետների Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Բրազիլիայից, որոնք օգնում են ապահովելու օտար լեզուների դասավանդման բարձր մակարդակ:

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նպատակն է պատրաստել որակյալ թարգմանիչներ հանրապետության տարբեր ոլորտներում աշխատելու համար:
Ամբիոնում լեզվի իմացության հիմքի վրա պատրաստվում են թարգմանիչներ հետևյալ ուղղություններով` գեղարվեստական, մասնագիտական, ինչպես նաև բանավոր թարգմանիչներ` հաջորդական և համաժամանակյա ուղղություններով: Դասընթացները տեղի են ունենում տեխնիկապես հագեցած լսարաններում (համակարգիչներ, հեռուստացույցներ, DVD-ներ, ձայնագրիչներ, ինչպես նաև ինտերնետից օգտվելու հնարավորություն): Բակալավրիատի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

Ամբիոնը կատարում է գիտական աշխատանքներ` ուղղված թարգմանության տեսության և պրակտիկայի տարբեր ոլորտներին, ինչպես նաև ղեկավարում է ասպիրանտների և հայցորդների գիտական թեմաները:

Ամբիոնի ուսանողները իրենց արտադրական (թարգմանչական) պրակտիկան անց են կացնում մայրաքաղաքի տարբեր կազմակերպություններում, որտեղ թարգմանչի աշխատանքը կարևորվում է:

Ֆակուլտետի աշխատանքային գործունեության լուրջ ձեռքբերումներից է FLSP (Օտար լեզուն հատուկ նպատակների համար) ամենամյա միջազգային գիտական ամսագրի հիմնադրումը: Ամսագրում հրատարակվող հոդվածները լուսաբանում են օտար լեզուներով մասնագիտության ուսուցման միջազգային փորձն ու ձեռքբերումները, դասավանդման մեթոդիկան` ըստ սովորողների կարիքների ու պահանջների: 1996 թ-ից հրատարակվում է «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» ժողովածուն, որն ընդգրկում է լեզվաբանության տարբեր խնդիրներին, օտար լեզվի դասավանդման մեթոդիկային, ինչպես նաև արտասահմանյան գրականության հարցերին վերաբերող գիտական հոդվածներ: Հրատարակվում են նաև «Ռոմանական բանասիրության հանդես», «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» ժողովածուն, «Համատեքստ» հոդվածների ժողովածուն և «Աստղիկ» թարգմանչաց հանդեսը:

Ֆակուլտետում լուրջ ուշադրություն է դարձվում արտասահմանյան գրականության (արևմտաեվրոպական և ամերիկյան) դասավանդման, ծրագրերի մշակման և արդիականացման խնդիրներին, որոնք իրականացվում են Արտասահմանյան գրականության ամբիոնի կողմից:

Բակալավրիատում դասավանդվում է գրականության պատմության ողջ դասընթացը` անտիկ, միջնադարյան և Վերածննդի, 17–18-րդ, 19–20-րդ դարերի պատմությունը, իսկ մագիստրատուրայում ոչ միայն մատուցվում են ծրագրային գիտելիքները, այլև յուրացվում են նոր առարկաներ` կապված համաշխարհային գրականության պատմության, փիլիսոփայության և գեղագիտության արդիական պահանջների հետ:
Ֆակուլտետի ամբիոններն ապահովված են անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ, համապատասխան տեխնիկական միջոցներով, ֆիլմադարաններով, համակարգիչներով և ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ այլ նյութերով:

Թե՞ բակալավրիատում և թե՞ մագիստրատուրայում □Գերմաներեն լեզու և գրականություն□ մասնագիտությամբ բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց լեզվական գիտելիքները Գերմանիայի և Ավստրիայի առաջատար համալսարաններում, իսկ մագիստրատուրայի առանձին ուսանողներ՝ այնտեղ անցկացնելու իրենց նախադիպլոմային պրակտիկան:

Գերմանական բանասիրության ամբիոնում կատարվում է նաև մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանք: Ամբիոնի դասախոսների ուժերով հրատարակվել և հրատարակման են պատրաստվել տարբեր բնույթի դասագրքեր, բառարաններ և ուսումնաօժանդակ նյութեր: Առանձին դասախոսներ ընդգրկված են Մանհայմի, Ռոստոկի, Համբուրգի, Հայդելբերգի համալսարանների հետ գիտական հետազոտությունների տարբեր համատեղ ծրագրերում: Ամեն տարի Գերմանիայից և Ավստրիայից հրավիրվում են բարձրակարգ մասնագետներ, որոնք իրականացնում են ինչպես մանկավարժական, այնպես էլ՝ գիտական աշխատանք: Գերմանական և ավստրիական ակադեմիական փոխանակման ծառայությունների միջոցով պարբերաբար տեղի է ունենում նաև ուսանողների և ուսանողական խմբերի փոխանակում:

Համահամալսարանական և ֆակուլտետային միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունենում նաև Գերմանական բաժնի ուսանողները: Հատկապես նշանակալից է նրանց մասնակցությունը միջազգային կարգի գիտաժողովներին ու սեմինարներին: Բաժնի մի շարք ուսանողներ խրախուսվել են գերմանական և ավստրիական առանձին կազմակերպությունների կողմից, ստացել տարբեր կարգի կրթաթոշակներ և անցել մասնակի ուսումնառություն այդ երկրներում: 2000 թ-ից սկսած գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակներում տարեկան շուրջ 15 ուսանողներ մասնակցում են Մանհայմի համալսարանի հետ փոխհամագործակցությանը: Մագիստրատուրայի բաժնի ուսանողներն իրենց նախադիպլոմային պրակտիկան անցկացնում են հիշյալ համալսարանի Գերմանագիտության ինստիտուտում և հաջողությամբ պաշտպանում իրենց որակավորման աշխատանքները:

Ֆակուլտետը համագործակցում է ինչպես արտասահմանյան երկրների մի շարք համալսարանների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստանի Դաշնություն և այլն), այնպես էլ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ: Ֆակուլտետի դասախոսներն ամեն տարի վերապատրաստման դասընթացներ են անցնում Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում:

Ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են մեր հանրապետության ամենատարբեր հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, դեսպանատներում, պետական ու կառավարման բարձրագույն մարմիններում, արտասահմանում և մեր երկրում գործող միջազգային կազմակերպություններում: