Պատմության ֆակուլտետ
Faculty of History
Պատմության ֆակուլտետը գործում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից:
>

Պատմության ֆակուլտետի կազմում գործում են մասնագիտական չորս  բաժիններ` պատմության, արվեստաբանության և մշակութաբանության, կովկասագիտության:



Արվեստաբանության բաժնի շրջանավարտները, ստանալով համապատասխան որակավորում, աշխատանքի են անցնում Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Կաֆեսչյան արվեստի կենտրոնում, հեռուստատեսային ստուդիաներում, լրագրերի խմբագրություններում, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, նշանավոր նկարիչների և քանդակագործների տուն-թանգարաններում և հանրակրթական դպրոցներում, Մատենադարանում, տուրիստական գործակալություններում: Արվեստաբանության բաժնի շրջանավարտները աշխատանքի են անցնում նույնիսկ արտասահմանում:



Մշակութաբանության բաժնի շրջանավարտները, ստանալով համապատասխան որակավորում, աշխատանքի են անցնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տարբեր բաժիններում, ՀՀ Մշակույթի նախարարությունում, մարզային մշակութային կենտրոններում, Հայաստանի տարբեր թանգարաններում, մշակութային տուրիզմով զբաղվող հաստատություններում, պատկերասրահներում, տուն-թանգարաններում, մշակութային հետազոտություններ կատարող հասարակական կազմակերպություններում, ԶԼՄ-ներում, ԵՊՀ-ում և այլ բուհերում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում:

Անցած տարիներին ֆակուլտետը զգալի նվաճումներ է արձանագրել գիտական բնագավառում: Այն իրավամբ համարվում է հանրապետության պատմագիտության կարևորագույն օջախը` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ միասին: Վերջին շրջանում ֆակուլտետը դարձել է հայագիտության, քարտեզագրության և Հայաստանի պատմական աշխարհագրության ուսումնասիրման նշանավոր կենտրոն: Ֆակուլտետում գործում են Քարտեզագրության և Հնագիտական հետազոտությունների լաբորատորիաները:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով ստեղծվում են բազմաթիվ մենագրություններ, բուհական դասագրքեր, ձեռնարկներ, դպրոցական դասագրքեր: Ֆակուլտետի ամբիոնները մեծ ուշադրություն են դարձնում դասախոսությունների որակի բարելավմանը, գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և երիտասարդ կադրերի պատրաստմանը: Ֆակուլտետը գիտամանկավարժական կապեր ունի ինչպես ԱՊՀ երկրների առաջատար բուհերի, այնպես էլ արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ավստրիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Իտալիա) հեղինակավոր բուհերի հետ: Ֆակուլտետի ուժերով կազմակերպվում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ գիտաժողովներ:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետը, անտարակույս, հանրապետության պատմագիտական մտքի կարևորագույն կենտրոններից է: Հայոց պատմության բազմաթիվ խնդիրներ` մասնավորապես Հայոց ցեղասպանության, Արցախի պատմությանը վերաբերող հարցերն ունեն ոչ միայն պատմական, այլ նաև արդիական, քաղաքական հնչեղություն, ուստի պատմաբանների կատարած աշխատանքները պատմագիտական արժեքից զատ ունեն համապետական նշանակություն և կարևորություն: Ֆակուլտետում մեծ աշխատանքներ են տարվում ուսանողության ազատ ժամանցի և նրանց արտալսարանային կյանքի կազմակերպման ուղղությամբ: Այս աշխատանքներում մեծ դեր ունեն ֆակուլտետի ուսանողական կառույցները` ՈՒսխորհուրդը և ՈՒԳԸ-ն, բացի դրանից ֆակուլտետում գործում են նաև տարբեր ուսանողական կառույցներ: Ֆակուլտետի ուսանողական կառույցների ջանքերով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ (Հայոց ցեղասպանության, Հայաստանի առաջին Հանրապետության, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման թեմաներով), ֆակուլտետի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշ-ցերեկույթներ: Կազմակերպվում է նաև շրջանավարտների դիպլոմների հանձնումը Արևմտյան Հայաստանում՝ Անիում, Վանում, իսկ վերջին տարիներին ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնումը Օշականում և Արցախում: Պատմության ֆակուլտետի ուսխորհրդի և ՈՒԳԸ-ի ակտիվ աշխատանքների շնորհիվ` ուսանողների ջանքերով ֆակուլտետում հրատարակվում է նաև «Երիտասարդ պատմաբան» ուսանողական պարբերականը:

Պատմության ֆակուլտետի շրջանավարտները, ստանալով համապատասխան որակավորում, աշխատանքի են անցնում հիմնականում դպրոցներում, ինչպես նաև համալսարաններում, ՀՀ ԳԱԱ զանազան ինստիտուտներում, Պատմության, Ցեղասպանության պատմության, Երևանի պետական համալսարանի թանգարաններում, պատկերասրահներում, Ազգային արխիվում, այլ արխիվային հիմնարկներում, Մատենադարանում և այլուր:

Հիմնադրման օրվանից մինչև օրս ֆակուլտետը հանրապետությանը տվել է հազարավոր պատմաբան շրջանավարտներ, որոնք աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում: