1994 թ.-ից Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում գործում էին դեղագործական քիմիայի բաժինը և նրան սպասարկող դեղագործական քիմիայի ամբիոնը, որոնք 2012 թ.-ին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից դեղագիտություն մասնագիտությամբ բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման Կ-ԲԿ-000055 լիցենզիան ստանալուց հետո վերանվանվեցին համապատասխանաբար դեղագիտության բաժնի և դեղագիտության ամբիոնի։ Դրանց հենքի վրա 2017 թ.-ին ստեղծվեց կրթական, գիտահետազոտական և ներդրումային (ինովացիոն) գործառույթների իրականացման առաքելությամբ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը, որի գերագույն խնդիրն է միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ (պրովիզոր) մասնագետների պատրաստումը, ինչը Հայաստանի Հանրապետությունում դեղարդյունաբերության զարգացման կարևորագույն նախապայմաններից է:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը բակալավրիատի և մագիստրատուրայի մակարդակով պատրաստոմ է բարձրորակ դեղագետներ (պրովիզորներ), որոնք շարունակում են իրենց հետագա գործունեությունը դեղատնային գործի կազմակերպման և հսկման մասնագիտական կազմակերպություններում (դեղատներ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, մաքսային և իրավաբանական ծառայություններ), դեղարտադրող գործարաններում, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում և այլ մասնագիտական կառույցներում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Կրթական բաղադրիչը:
Այսօր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծված են «Ֆարմացիա» մասնագիտության գրեթե բոլոր ուղղություններով միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտակրթական գործունեություն ծավալելու իրական հնարավորություններ: Ինստիտուտի կազմում գործում են երեք մասնագիտական ամբիոններ՝ ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի, ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման, կենսաբժշկագիտության: Ամբիոնները ներառում են ժամանակակից լաբորատոր կահույքով և սարքավորումներով համալրված բարձրակարգ ուսումնական լաբորատորիաներ՝ դեղերի պատրաստման տեխնոլոգիայի (դեղատնային և գործարանային), դեղագիտական քիմիայի (ներառյալ դեղագրքային անալիզը), ֆարմակոգնոզիայի, կենսատեխնոլոգիայի, թունաբանական քիմիայի, դեղաբանության, դեղերի էկոնոմիկայի և կառավարման, դեղերի կառուցվածքային հետազոտման և որակի հսկման, հիգիենայի: Նշված լաբորատորիաներում անց են կացվում մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքներն ու գործնական պարապմունքները:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը հագեցված է նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով, այն հնարավորություն է ընձեռում ուսանողների տեսական գիտելիքները լիարժեք կիրառել պրակտիկայում: Ինստիտուտում ներդրված է հեռաուսուցման համակարգ, որը հնարավորություն է տալիս ուսանողների համար կազմակերպել առցանց դասախոսություններ արտերկրյա գործընկեր համալսարանների հետ:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի գիտակրթական գործունեությանը մասնակցում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, գիտության 6 դոկտորներ և 26 թեկնածուներ:
Հետազոտական բաղադրիչը:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մոտ 300 մ2տարածքում տեղաբաշխված է ինստիտուտի գիտահետազոտական հատվածը, որը ներառում է հետևյալ հետազոտական լաբորատորիաները
Նշված լաբորատորիաներում իրականացվում են գիտական հետազոտություններ ոչ սպիտակուցային ամինաթթուների, պեպտիդների և այլ պոտենցիալ դեղաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի և դրանց բժշկակենսաբանական սկրինիգի, հայկական լեռնաշխարհի բուսական բազմազանության հենքի վրա յուրահատուկ հալենային և նորհալենային դեղապատրաստուկների ստացման, բժշկական կենատեխնոլոգիայի, դեղերի կառուցվածքային հետազոտման ու որակի գնահատման և այլ ուղղություններով: Հետազոտությունները իրականացվում են ինչպես հանրապետական բազային և թեմատիկ, այնպես էլ միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրերի (ISTC, CRDF, Volkswagenstiftung) ֆինանսավորման շրջանակներում:
Ներդրումային (ինովացիոն) բաղադրիչը:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում մշակված արդյունավետ մեթոդները հետագա կիրառություն կստանան ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փորձաարտադրական կայանում, որտեղ կազմակերպված է տարբեր ծագման դեղապատրաստուկների փոքրածավալ արտադրություն: Արտադրանքի իրացումը նախատեսվում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտերկրյա ընկերություններում:
Համագործակցությունը:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը համագործակցում է արտերկրյա առաջատար դեղագործական և հարակից մասնագիտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ: Դրանցից են ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական համալսարանը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Մոսկվայի պետական համալսարանը, Գերմանիայի Ռոստոկի և Վիսմանի համալսարանները, ՌԴ ԳԱ Ա.Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացություների ինստիտուտը և այլն: Նշված համալսարաններում կատարվում են ավարտական, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքներ, իրականացվում են համատեղ հետազոտություններ միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում բակալավրիատի և մագիստարատուրայի մակարդակով կազմակերպված է ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանների դեղագործական ֆակուլտետների հետ հաստատված համատեղ կրթական ծրագրերով ուսուցում՝ արդյունքում շրջանավարտներին շնորհելով դեղագետի(պրովիզորի) որակավորումով երկակի (երկու համալսարանների) դիպլոմներ:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում բակալավրիատի մակարդակով կազմակերպված է նաև անգլերեն լեզվով ուսուցում արտերկրյա ուսանողների համար:
Արդյունավետ համագործակցություն է ծավալված նաև ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ դեղագործական ընկերությունների միջև: Դրանցից են՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, «ԱՐՓԻՄԵԴ» և «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունները, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, «Աստղիկ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ, «Նատալի-ֆարմ» ՍՊԸ և այլն: Նշված ընկերություններում անց են կացվում մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքներն ու արտադրական պրակտիկաները, կատարվում են ավարտական, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքներ:
«Ալֆա-ֆարմ» դեղագործական ընկերության հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է դեղատուն, որտեղ անց են կացվում ուսանողների դեղատնային արտադրական պրակտիկան և «դեղերի պատրաստման տեխնոլոգիա» առարկայի լաբորատոր աշխատանքները, ապագա դեղագործներն ու պրովիզորները այստեղ սովորում են դեղագործական բիզնեսի հմտությունները, մասնավորապես՝ ինչպես են գոյանում դեղորայքի գները, ինչպես ներկայացնել դեղամիջոցներն ու կոսմետիկ միջոցները, ինչպես աշխատել հաճախորդների հետ և այլն։
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող պետական և մասնավոր կառույցներում՝ որպես դեղագետ, կլինիկական դեղագետ, դեղագետ-տեխնոլոգ, դեղագետ-քիմիկոս, դեղագետ-ներկայացուցիչ, փորձագետսս դեղագործական շուկայի մարքեթոլոգ, գիտաշխատող, դասախոս և այլն՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: