27.04.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԿԱՄՈՒՐՋ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԿԱՄՈՒՐՋ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում մեկնարկել է «Նոր մարտահրավերներ կրթական համակարգում և լեզվական նոր իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի կազմակերպած գիտաժողովի նպատակն է անդրադառնալ գլոբալացված աշխարհում կրթության արդի խնդիրներին` շեշտը դնելով գերմաներենի վրա, ինչպես նաև հաստատել միջգիտակարգային կապեր լեզվի, հասարակության և քաղաքագիտության միջև:

 

 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, ընդգծեց կրթության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք առնչվում են գլոբալացման, աշխատաշուկայի պահանջների փոփոխությունների, ուսուցման նոր մեթոդների ներդրման անհրաժեշտության և այլ գործընթացների հետ:

 

 

«Հիմնախնդիրները սահմանելու և ձևակերպելու լավագույն հարթակները նմանատիպ միջոցառումներն են, որոնք նաև համագործակցային լայն կապեր հաստատելու, առկա գործակցությունն ամրապնդելու և խորացնելու լավագույն հնարավորությունն են»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:

 

Բացի Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից՝ երկօրյա գիտաժողովին զեկուցումներ են ներկայացնելու հրավիրյալ պրոֆեսորներ Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Մոլդովայից, Վրաստանից, ինչպես նաև Վալերի Բրյուսովի անվան պետական և Հայ-ռուսական համալսարաններից:

 

 

Մասնակիցների զեկուցումներն առնչվում են կրթության, լեզվաբանության, մշակույթի, կրոնի, արվեստի, մանկավարժության և ուսուցման մեթոդաբանության արդի խնդիրներին: Երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նաև դասավանդման ոլորտում միջգիտակարգային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները՝ ուրվագծելու լեզվական, լեզվաբանական, հասարակական, քաղաքական, մշակութային խնդիրների լուծման նոր ուղիները: Այդ համատեքստում կկազմակերպվեն նաև պանելային քննարկումներ:

 

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Սավոյանն ընդգծեց. «Այս գիտաժողովը նաև կարևոր քայլ է ԵՊՀ միջազգայնացման համար, քանի որ մենք նպատակ ունենք ընդլայնելու շարժունակությունը և համագործակցությունը միջազգային առաջատար բուհերի հետ, ինչը կարևոր է նաև ամբողջ տարածաշրջանի համար: Մեր առաջնային խնդիրներից է ոչ միայն գերմաներենը բանասիրական ուղղվածությամբ ուսումնասիրելը, այլև այն հետագայում միջգիտակարգային լեզու դարձնելը»:

 

 

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր  Ռիխտերը, արժևորելով գիտաժողովի անցկացումը և դրանում գերմաներենի ուսուցման ոլորտի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, ասաց. «Դեսպանատունը մշտապես ձգտում է նպաստել Հայաստանում կրթական համակարգի զարգացմանը, հատկապես գերմաներենի ուսուցմանը, ինչը շատ կարևոր է երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդման տեսանկյունից»:

 

 

Դեսպանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կծառայի իր նպատակին՝ խթանելով Հայաստանում գերմաներենի տարածումը:

 

Նշենք, որ «Նոր մարտահրավերներ կրթական համակարգում և լեզվական նոր իրականություն» խորագրով գիտաժողովի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Այլ նորություններ
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԻ ԿԱՄԱՄԲԵՐ ՊԱՆԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, ուսումնասիրելով ամբիոնում մեկուսացրած կաթնաթթվային բակտերիաները, առանձնացրել է նոր շտամներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի արտադրել կամամբեր պանիր: Ռուզաննայի պատմությունը նպատակներ սահմանելու և ԵՊՀ տված գիտելիքների շնորհիվ դրանց հասնելու մասին է: