Միության 7-հոգանոց պատվիրակությունը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, միջազգային հարաբերությունների, արևելագիտության և պատմության ֆակուլտետների դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է միության գործունեությունն ու նպատակները, պատասխանել ներկաների հարցերին:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998 թվականից գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի անդամները գերմանաբնակ թուրք և քուրդ մտավորականներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են, պայքարում է, որ աշխարհը, մասնավորապես Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պարբերաբար կազմակերպելով գիտաժողովներ, ֆոտոցուցահանդեսներ, ստորագրահավաքներ, հանրահավաքներ և տարաբնույթ այլ միջոցառումներ: Միությունն իր գործունեությամբ նպաստել է, որ Բունդեսթագը 2016 թ. ոչ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլև ընդունի Գերմանիայի մեղսակցությունը դրանում:
Հայաստան ժամանած հերթական այցի շրջանակում պատվիրակությունը նախատեսել է այցելել Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր 1915 թ. Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: