«Կրթության հնարավորություն բոլորի համար» ծրագրի շրջանակում կատարված հետազոտությունների արդյունքում լույս տեսած գիրքը նպատակ ունի խթանելու արտակարգ իրավիճակներում կրթական համակարգի շարունակականության ապահովումը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, խոսելով ԵՊՀ-ի և հիմնադրամի միջև ձևավորված երկարատաև համագործակցության մասին, նշեց, որ այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է ոչ միայն ամրապնդելու համագործակցությունը, այլև նպաստելու արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտի շարունակական բարելավմանը:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը կարևորեց արդյունավետ և երկարամյա համագործակցությունն ինչպես տարբեր հետազոտական աշխատանքների հովանավորման ու ընդլայնման, այնպես էլ ուսանողների փոխանակման և նրանց աջակցության առումով:
«Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» գրքի համահեղինակ, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար, «Կրթության հնարավորություն բոլորի համար» ծրագրի հետազոտության ղեկավար Արուսյակ Ալեքսանյանը, անդրադառնալով վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների առկայությանը, նշեց, որ կրթական համակարգում անհրաժեշտություն կա կիրառելու այնպիսի գործիքներ, որոնք կօգնեն դիմակայել նման իրավիճակներին և ապահովել կրթության շարունակականությունը:
«Այս պարագայում «գործիքը» հենց «Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» խորագրով գիրքն է, որը տարբերվում է այսօրինակ այլ «գործիքներից» իր համընդգրկունությամբ: Այն բազմաշերտ է և ունի 4 ենթաինդեքս՝ քաղաքականություն և իրավական դաշտ, համակարգում-համագործակցություն, էլեկտրոնային պատրաստվածություն, ռեսուրսներ և կարողություններ»,- նշեց Ա. Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ենթաինդեքսի վերաբերյալ կատարվել է առանձին հետազոտություն, և ստացված տվյալների օգնությամբ հնարավոր է եղել վերհանել ՀՀ կրթական համակարգում առկա հիմնական խնդիրները:
«Ինդեքսի ընդհանուր արդյունքը Հայաստանի համար 64 է, ըստ որի՝ կրթական համակարգն արտակարգ իրավիճակներում գնահատվում է միջին պատրաստվածության, սակայն բավականաչափ մոտ է բարձր պատրաստվածությանը: Հետազոտության արդյունքում ի հայտ են եկել հետևյալ խնդիրները. աշակերտները և ուսուցիչները հոգեբանորեն պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպմանը, կան կրթական տեխնոլոգիաների հասանելիության և արդյունավետության, ինչպես նաև դրանք ձեռք բերելու համար ֆինանսավորման հետ կապված խնդիրներ»,- ընդգծեց Ա. Ալեքսանյանը:
Գրքի համահեղինակ, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի երեխաների իրավունքների ծրագրերի ղեկավար Մարիամ Մուրադյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում «գործիքը» փորձարկվել և ներկայացվել է հետխորհրդային մի շարք երկրներում:
««Գործիքը», բացի ներկայացվելուց, նաև գործնականում կիրառվել է Ուկրաինայում, Ղրղզստանում և Հայաստանում: Մենք գրանցել ենք նշանակալի արդյունքներ, և մեր առաջնային նպատակն էր հասկանալ «գործիքի» կիրառելիությունը՝ ներդնելով այն մեր կրթական համակարգում»,- ասաց Մ. Մուրադյանը:
Նշենք, որ շնորհանդեսին հաջորդեց «Կրթությունը արտակարգ իրավիճակներում» խորագրով պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը: