07.02.2023 | 
Ուսանողական, Կրթություն
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ:

Ես Նարե Շալունցն եմ...

 

Տարիներ առաջ ֆրանսիական մշակույթի հանդեպ սերն ու ֆրանսերենի պահանջված մասնագետներից մեկը դառնալու ձգտումը քայլերս ուղղեցին դեպի ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Դասախոսների մշտական աջակցությունն ու տված գիտելիքները կանխորոշում էին ապագա հաջողություններս:

 

Դեպի հաջողություն տանող ճանապարհին դժվար պահեր իհարկե եղել են, բայց այդ ժամանակ նաև ունեցել եմ այն գիտակցումը, որ անհրաժեշտ է հավասարակշռել առաջարկվող հնարավորություններն ու սեփական ներուժը: Այս համատեքստում հատկապես առանցքային է ֆակուլտետում կազմակերպված միջազգային գիտաժողովների, օտարերկրյա մասնագետների ներգրավվածությամբ դասախոսությունների դերը, որոնք լեզվակիրների հետ հաղորդակցվելու և նրանց հետ սերտ կապեր հաստատելու լավ հնարավորություն են ընձեռում:

 

 

Կարծում եմ՝ աշխարհայացքի զարգացման գործում կարևոր է նաև ունենալ ստացած գիտելիքներն իրացնելու ձգտում. այս գիտակցումն էապես խթանում է մեր՝ ուսանողներիս գիտական գործունեությունը: Այս առումով հատկապես կարևորում եմ ուսանողական գիտական ընկերության դերը, որը երիտասարդներին օգնում է զարգացնել գիտական միտքը: Ուսումնառության տարիներին տպագրել եմ գիտական երեք հոդված (երկուսը՝ հայերեն, մեկը՝ ֆրանսերեն)։

 

Բացի մասնագիտական կատարելագործմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելուց՝ նաև ձգտում եմ ստացած գիտելիքներս չափել տարատեսակ մրցույթներում: Ինձ համար կարևոր նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կազմակերպած հեղինակավոր մրցույթին մասնակցելը որպես ԵՊՀ ներկայացուցիչներից մեկը: Ցուցաբերելով ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի իմացության բարձր մակարդակ՝ մեր թիմը զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով մրցույթի գլխավոր մրցանակին՝ գավաթին, որը համալսարանականներն առաջին անգամ էին նվաճում: Առհասարակ յուրաքանչյուր հաղթանակից հետո նոր նպատակներ եմ սահմանում։ Այդպիսի հնարավորություն տվեց նաև «Լավագույն ուսանող» մրցույթը:

 

 

Հանրապետական այս մրցույթն ինձ համար մարտահրավեր էր, որը հաղթահարելով՝ վերարժևորեցի ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերած աշխատասիրությունս և նպատակասլացությունս: Դրանք յուրաքանչյուր հաղթանակի գրավականն են։ Լավագույն ուսանողի կոչումը պարտավորեցնում է առավել ինքնակատարելագործվել և ոգեշնչել մյուսներին: Այս հաղթանակով կենսագրությանս ևս մեկ էջ ավելի վառ գույներով ընդգծվեց:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԻ ԿԱՄԱՄԲԵՐ ՊԱՆԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, ուսումնասիրելով ամբիոնում մեկուսացրած կաթնաթթվային բակտերիաները, առանձնացրել է նոր շտամներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի արտադրել կամամբեր պանիր: Ռուզաննայի պատմությունը նպատակներ սահմանելու և ԵՊՀ տված գիտելիքների շնորհիվ դրանց հասնելու մասին է: