Պատմում է ինքը՝ Ռուզաննան...
Դպրոցական տարիներին ԵՊՀ ընդունվելն իմ գլխավոր նպատակն էր, թեպետ մասնագիտության ընտրության հարցում երկար եմ մտածել…
Տեսնելով կենսաբանության ֆակուլտետի ծավալած գործունեությունը` հասկացա, որ այդտեղ սովորելու դեպքում կունենամ լայն և տարբերվող հեռանկարներ:Համալսարան ընդունվելուց հետո հաստատապես համոզվեցի, որ ԵՊՀ-ն հնարավորությունների լայն հարթակ է, որից օգտվել կարողանալու համար պետք է ունենալ լավագույնին հասնելու ձգտում և հստակ սահմանված նպատակներ: Համալսարանի բարձր նշաձողն ինձ համար խթան դարձավ՝ սահմանելու նոր նպատակներ և քայլ առ քայլ հասնելու դրանց:
Դեպի նպատակներ տանող ճանապարհին, իհարկե, դժվարություններ եղել են, բայց նման պահերին միշտ գիտակցել եմ, որ սահմանածս նպատակին հասնելն առավել կարևոր է, այդ իսկ պատճառով հեշտությամբ հաղթահարել եմ բոլոր խոչընդոտները:
Երկարատև ուսումնասիրություններից հետո հաջողությամբ մշակել եմ կամամբեր պանրի պատրաստման նոր մոդել…
Մոդելում օգտագործվել են կենսաբանական կարևոր ակտիվություններ դրսևորող կաթնաթթվային բակտերիաներ, որոնք ունեն մի շարք պրոբիոտիկ հատկություններ: Կամամբեր պանրի պատրաստման նոր մոդելը կիրառելի է նաև ֆունկցիոնալ սննդամթերքի (բնական ծագման այնպիսի սննդամթերքներ, որոնք համակարգված օգտագործման դեպքում դրական ազդեցություն են թողնում մակրոօրգանիզմի օրգան համակարգերի վրա՝ բարելավելով ֆիզիկական և հոգեբանական առողջությունը) պատրաստման ոլորտում: Վերջին շրջանում սննդարդյունաբերության մեջ այդ ուղղությունն ակնհայտ զարգացում է ապրում։
Պանրի պատրաստման նոր մոդել ստանալու համար հավաքվել են պանրի ավանդական տեսակներ, ուսումնասիրվել է դրանց միկրոբիոմը, մեկուսացվել են պանիրների նմուշներից կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրաներ, և ուսումնասիրվել դրանց կենսաբանական ակտիվությունները:
Այս ամենից զատ՝ հետազոտվել են նաև կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում պահպանվող կաթնաթթվային բակտերիաների՝ մեկուսացված նոր կուլտուրաների ճնշման ունակությունը, կամամբեր պանրի ստացման համար կիրառվող «Geotrichum candidum և Penicillium candidum» սնկերի աճը: Այնուհետև ստեղծվել են ընտրված կաթնաթթվային բակտերիաների համակցություններ, ուսումնասիրվել մի շարք վիտամինների և իոնների դերը ստացված համակցության հակասնկային ակտիվության վրա: Վերջին փուլում մոդելավորվել է կամամբեր պանրի պատրաստման գործընթացը:
Մինչ ուսումնասիրություններ կատարելն էլ գիտակցում էի, որ նշանակալի արդյունքներ եմ գրանցելու. գիտական ղեկավարիս մշտական աջակցությունը, համատեղ հետևողական աշխատանքները կանխորոշում էին դա:
Տեսնելով ոլորտի զարգացումն ու այդ գործում ԵՊՀ դերակատարումը՝ հույս ունեմ, որ իմ գործունեությամբ կնպաստեմ սննդարդյունաբերության բնագավառի զարգացմանը:
Մարինե Մկրտչյան