06.03.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտներից վեցն արժանացել են 1-ին, յոթը՝ 2-րդ, տասնհինգը՝ 3-րդ կարգի մրցանակների, ինչպես նաև շնորհվել են հատուկ անվանակարգերով մրցանակներ և գովասանագրեր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով աշակերտների ակտիվ մասնակցությունն ու նախորդ տարիների համեմատ առավել լավ պատրաստավածությունը, ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ օլիմպիադան անցկացվում է հենց ԵՊՀ-ում, քանի որ համալսարանում կարևորվում է քիմիայի զարգացումը, ներդրվում են նոր հետազոտական ուղղություններ, պարբերաբար թարմացվում են առկա կրթական ծրագրերը»:

 

 

ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ օլիմպիադայի ընթացքում աշակերտների ձեռք բերած փորձն ու գիտելիքը կունենան գործնական կիրառություն։

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, օլիմպիադայի համակազմակերպիչ Արմեն Գալստյանը, կարևորելով առարկայական օլիմպիադաների անցկացումը և ներուժ ունեցող աշակերտների բացահայտումը, շեշտեց. «Քիմիայի օլիմպիադայի նպատակն է ոչ թե ստուգել աշակերտների՝ դպրոցական ծրագրի գերազանց իմացությունը, այլ քիմիայի վերաբերյալ խորքային գիտելիքները, տրամաբանությունը, ճկունությունը, խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերելու և նոր լուծումներ գտնելու կարողությունը»:

 

 

Առաջին կարգի մրցանակակիրներից Մանե Ստեփանյանը (Դիլիջանի կենտրոնական դպրոց, 9-րդ դասարան) առաջին անգամ է մասնակցում հանրապետական օլիմպիադային և շեշտում է, որ աշխատասիրությունը միշտ դրական արդյունքներ է տալիս: Նրա խոսքով՝ օլիմպիադային մասնակցությունը հնարավորություն տվեց բացահայտելու քիմիան այլ տեսանկյունից, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ:

 

Նշենք, որ մարտի 4-6-ն անցկացված օլիմպիադայի հանրապետական փուլում աշակերտները մասնակցել են երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ընթացքում աշակերտներին տրվել են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կատարել են պահանջվող քիմիական փորձերը և ներկայացրել համապատասխան եզրահանգում:

 

Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվել են նաև ուսուցիչների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես տեսական և փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական և բնագավառին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

Հիշեցնենք, որ օլիմպիադայի կազմակերպիչներն են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն:

Այլ նորություններ
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԻ ԿԱՄԱՄԲԵՐ ՊԱՆԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, ուսումնասիրելով ամբիոնում մեկուսացրած կաթնաթթվային բակտերիաները, առանձնացրել է նոր շտամներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի արտադրել կամամբեր պանիր: Ռուզաննայի պատմությունը նպատակներ սահմանելու և ԵՊՀ տված գիտելիքների շնորհիվ դրանց հասնելու մասին է: