ԳՐԻԳՈՐ ՄԵԴՆԻԿՅԱՆ
Դեղաբան,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է 1891թ. սեպտեմբերի 26-ին Մոզդոկում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետի քիմիադեղագործական բաժին: 1918թ. մեկնել է Պյատիգորսկ, որտեղ մասնակցել է խորհրդային իշխանության համար մղված պայքարին: Այնուհետև մինչև 1922թ. աշխատել է Թիֆլիսում:
Գ.Մեդնիկյանը եռանդուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ բժշկական ֆակուլտետի կազմակերպման գործում: 1922թ. հիմնադրել է դեղաբանության ամբիոնը և մինչև 1935թ. ղեկավարել այն: Նրա նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել են քիմիադեղագործական դասընթացներ և ապա` տեխնիկում, որը երկար ժամանակ ղեկավարել է: Նա հիմնադրել է նաև ԵՊՀ ռազմական քիմիայի և թունաբանության, ինչպես նաև պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնները: Համատեղության կարգով մի քանի տարի ղեկավարել է Երևանի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտի դեղաբանության ամբիոնը: 1935թ. դարձել է բժշկական գիտությունների դոկտոր: Նույն թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1935-1957թթ. Գ.Մեդնիկյանն աշխատել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): 1958թ. վերադարձել է Երևան և նշանակվել արյան փոխներարկման ինստիտուտի տնօրենի տեղակալ, իսկ այնուհետև` բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1958-1965թթ. Գ.Մեդնիկյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1965-1969թթ.` բժիշկների վերապատրաստման ինստիտուտի դեղաբանության և դեղագործության ամբիոնի վարիչ:
Հեղինակ է շուրջ 50 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են դեղաբույսերի և ԽՍՀՄում սինթեզված դեղանյութերի ուսումնասիրմանը: Դրանցից կարևոր են հատկապես օրգանիզմի վրա ֆտորի ազդեցության մեխանիզմի բացահայտմանը նվիրված աշխատանքները:
Նա եղել է Հայաստանի դեղագործների գիտական ընկերության պատվավոր նախագահ և համամիութենական գիտադեղագործական ընկերության վարչության անդամ:
Վախճանվել է 1974թ. փետրվարի 16-ին Երևանում: