ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ
Պատմաբանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1865թ. սեպտեմբերի 22-ին Թիֆլիսում: 1884թ. ավարտելով տեղի գիմնազիան՝ 1885-1887թթ. սովորել է Օդեսայի, 1887-1889թթ.` Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1889թ. Ստ.Լիսիցյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1889թ. աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894-1915թթ. հայոց պատմություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1911-1924թթ. իր կնոջ հիմնադրած գիմնազիայում զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով: 1921-1922թթ. դասախոսել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1924թ. հրավիրվել է ԵՊՀ, ղեկավարել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը:

1928 թվականից եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնի վարիչ: Ղեկավարել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական բազմաթիվ նյութեր, հայթայթել թանգարանային շուրջ 1000 ցուցանմուշ:

1941թ. Ստ.Լիսիցյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Ստ.Լիսիցյանը լայն հետաքրքրությունների տեր գիտնականմանկավարժ էր` բանասեր, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմաբան, թարգմանիչ, Հայաստանում ազգագրության և աշխարհագրական ընկերության հիմնադիր: 1904-1911թթ. նա ճամփորդել է Եվրոպայում, ուսումնասիրել Կ.Պոլսի, Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում և Բեռլինի թանգարանում եղած հայագիտական նյութերը: Մասնակցել է Հ.Լինչի «Արմենիա» աշխատության ռուսերեն թարգմանությանը, լեհերենից հայերեն է թարգմանել Հ.Սենկևիչի «Յո երթաս» վեպը:

Ստ.Լիսիցյանը հեղինակ է Հայաստանի պատմությանը, ֆիզիկական աշխարհագրությանը և ազգագրությանը նվիրված բազմաթիվ ուսումնական ծրագրերի, դասագրքերի և մենագրությունների: Կարևորագույն մենագրությունն է «Զանգեզուրի հայերը» (Եր., 1969): Անգնահատելի է Հովհ.Թումանյանի և Լ.Շանթի համահեղինակությամբ Ստ.Լիսիցյանի կազմած մայրենի լեզվի «Լուսաբեր» դասագրքի նշանակությունը: Նա խմբագրել և հրատարակել է «Աղբյուր-Տարազ» հանդեսը, «Հասկեր» մանկական ամսագիրը:

1945թ. Ստ.Լիսիցյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Վախճանվել է 1947թ. հունվարի 4-ին Երևանում:

Ստ.Լիսիցյանի անունով են կոչվում Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը:
ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ
1865-1947