
Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ
Բնագավառը` Սոցիոլոգիա
Հետազոտությունների հիմնական ուղղությունները
Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիայի աշխատանքային գործունեության հիմնական կիզակետը համալսարանական կրթության տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է, կրթության արդյունավետության բարձրացմանը նպաստող առաջարկներով հանդես գալը: Լաբորատորիայի գործունեության առաջնային ուղղություններից է համալսարանական կրթության որակի մոնիթորինգը և գնահատումը:
Արդիականությունը
Կրթության որակի բազմաթիվ բաղադրիչներից մեր հասարակության մեջ թերևս առավել արդիական է հետագա աշխատանքային գործունեություն ծավալելու տեսանկյունից տրվող կրթության որակի ուսումնասիրությունը, քանի որ փոխակերպական այս շրջանում, երբ մեծ են գործազրկության և հատկապես մասնագիտական գործազրկության ցուցանիշները, եթե բուհն ավարտած շրջանավարտը, անկախ բուհում ստացած կրթության որակից, չի գտնում մասնագիտական աշխատանք, այս երևույթն ինքնին արդեն ազդում է տվյալ մասնագիտության հեղինակության, մասնագիտական ընտրության դրդապատճառների, ինչպես նաև մի շարք այլ գործոնների վրա, որոնք այս կամ այն կերպ պայմանավորում են կրթության որակը: Կրթության որակի և աշխատաշուկայի պահանջների միջև փոխկապվածությունն ուսումնասիրելու համար հարկ է իրականացնել բազմափուլ սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան բազմակողմանիորեն և բոլոր շահագրգիռ կողմերի տեսանկյունից չափել հիմնախնդիրը, վեր հանել առկա թերացումները և վերջիններիս հաղթահարման համար մշակել համապատասխան առաջարկներ: Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան արդեն 2010թ. սկսած ձեռնամուխ է լինում վերը նշված կրթության որակի ուսումնասիրությանը` այն համադրելով աշխատաշուկայի պահանջների հետ:
Նպատակները եւ խնդիրները
Աշխատաշուկայի պահանջներին ԵՊՀ կողմից տրամադրվող կրթության որակի համապատասխանելիությունն ուսումնասիրելու համար առաջ են քաշվել մի շարք խնդիրներ, որոնցից առաջնային են ստորև թվարկածները.
- Վերհանել անհրաժեշտ աշխատատեղերի համար գործատուների կողմից նոր աշխատակից ընտրելու չափանիշները,
- Ուսումնասիրել շրջանավարտների՝ աշխատավայրում արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների շրջանակները, հմտությունները և կարողությունները,
- Պարզել, թե որքանով են ԵՊՀ շրջանավարտների գիտելիքները, հմտությունները և կարողությունները համահունչ աշխատաշուկայի ներկայիս պահանջներին,
- Ուսումնասիրել ԵՊՀ շրջանավարտների մոտ որոշակի գիտելիքների, հմտությունների, կարողությունների բացակայության հնարավոր պայմաններում գործատուների կողմից իրականացվող քայլերը,
- Պարզել ԵՊՀ շրջանավարտներին պրակտիկ փորձով ապահովելու գործընթացում տարբեր կազմակերպությունների համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:
ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Մկրտիչյան Արթուր, փիլ.գիտ. դոկ., պրոֆեսոր:
Լաբորատորիայի աշխատակիցներ`
Արմեն Սերգեյի Ղազարյան, կրտսեր գիտաշխատող,
Ստեփան Սերյոժայի Աղաբաբյան, կրտսեր գիտաշխատող,
Հայկ Ռուբենի Գալստյան, ավագ լաբորանտ,
Աստղիկ Սամվելի Օսյան, լաբորանտ,
Մելինե Մարտինի Ասլանյան, լաբորանտ
Էլ.փոստ` amkrtchyan@ysu.am