Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ

Իրավագիտության ֆակուլտետ



ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի մոտ 90 տարիների պատմություն. հիմնադրվել է 1933-1934 ուսումնական տարում։

Այսօր հանրապետությունում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է առաջատարը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը: Անցած մոտ 90 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 25000 շրջանավարտ, որոնք համալրել և շարունակում են համալրել պետական կառավարման, իրավապահ և դատական մարմինները, ինչպես նաև բանկային համակարգը, միջազգային կառույցները և մասնավոր հատվածը:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ուսումնական գործընթացն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով` բակալավրիատ (4 տարի տևողությամբ), մագիստրատուրա (ծրագրով պայմանավորված՝ 1 կամ 1,5 տարի տևողությամբ) և ասպիրանտուրա (3 տարի տևողությամբ):


Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար ֆակուլտետում կատարվում է ընդունելություն առանց արտադրությունից կտրվելու (5 տարի ժամկետով)` 2-րդ մասնագիտություն ստանալու նպատակով, իսկ 2007 թվականից ֆակուլտետում իրականացվում է հեռակա ուսուցում:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջարկվող դասընթացների շրջանակը տարածաշրջանում անմրցելի է՝ առաջարկվող դասընթացների թե՛ խորությամբ, թե՛ բազմաբազանությամբ և թե՛ արդիականությամբ։ Ներկայումս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդվում են ավելի քան 170 դասընթացներ։ Առարկայական ցանկերը թարմացվում են յուրաքանչյուր տարի՝ դրանք ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին առավել համահունչ և այդ պահանջների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու համար:


Բակալավրիատում սովորելիս ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ իրավունքի բոլոր ճյուղերի վերաբերյալ և հնարավորություն ունեն մասնագիտանալ հետևյալ ուղղություններով՝ սահմանադրաիրավական, քաղաքացիաիրավական, քրեաիրավաան և միջազգային իրավական։ Մագիստրատուրայում ուսումնառությունը նախատեսված է կոնկրետ ոլորտում հիմնարար գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առկա են հետևյալ մագիստրոսական ծրագրերը՝ «Քրեական արդարադատություն և փաստաբանություն», «Դատական իրավունք և փատաբանություն», «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ», «Մեդիա և տեղեկատվական իրավունք», «Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն», «Միջազգային իրավունք»։


Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները`
 պետության և իրավունքի տեսության ու պատմության,սահմանադրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության, քրեական իրավունքի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, եվրոպական ու միջազգային իրավունքի:


Դասավանդում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, գիտությունների 16 դոկտոր և 86 թեկնածու:


Իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆակուլտետում ստեղծվել են կրիմինալիստիկական լաբորատորիա և ֆոտո-կաբինետ, ուսումնական դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն): Կլինիկայում ուսանողները դեռևս կրթական գործընթացում հնարավորություն են ունենում փաստաբան-դասախոսի ղեկավարությամբ անմիջական իրավաբանական օգնություն ցույց տալ ինչպես քաղաքացիական, քրեական, առևտրային գործերով դիմողներին, այնպես էլ փախստականներին, տեղահանված անձանց և երեխաներին։


Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ` Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, որը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող-շրջանավարտ-գործատու մշտական կապն ու օժանդակում շրջանավարտներին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:


Ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, էլեկտրոնային գրադարան: Գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը:


Նյութատեխնիկական բազայի բաղկացուցիչ մասն է կազմում նաև փոքր տպարանը, որտեղ հրատարակվում են մասնագիտական ուսումնական ձեռնարկներ, դասախոսության տեքստեր, ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ֆակուլտետը հրատարակել է նաև «Իրավագիտության հարցեր» միջազգային գիտական հանդեսը (եռամսյա պարբերականությամբ), որն վերափոխվել է «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսի, ինչպես նաև հրատարակում է «Պետություն և իրավունք» հանդեսը: Այստեղ հիմնականում տեղ են գտնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների գիտական հոդվածները:


Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք հանդիսանում են նաև խոշոր գիտական կենտրոններ, այդ թվում՝ Մոսկվայի Պետական Համալսարանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանը, Մոնպելյեի, Բեռլինի, Ստոկհոլմի, Ժնևի, Սորբոնի, Էսսեքսի, Բարսելոնայի, Բերկլիի համալսարանները, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցներ` ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ Երևանյան գրասենյակը, «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Երևանյան գրասենյակը, Կարմիր Խաչի Երևանյան պատվիրակությունը և այլն:


Իրավագիտության ֆակուլտետն աչքի է ընկնում ակտիվ ուսանողական կյանքով: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպվում են ինչպես բազմաթիվ գիտական (գիտաժողովներ, թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ տարբեր պետական կառույցների ղեկավարների հետ, մասնակցություն մասնագիտական մրցույթների և այլն), այնպես էլ մշակութային միջոցառումներ:

 

Կառուցվածք

  • Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն
  • Սահմանադրական իրավունքի ամբիոն
  • Քաղաքացիական իրավունքի ամբիոն
  • Քրեական իրավունքի ամբիոն
  • Քաղաքացիական դատավարության ամբիոն
  • Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
  • Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն
  • Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
  • Իրավական ուսումնասիրությունների կենտրոն
  • Իրավաբանական կլինիկա
  • «Պետություն և իրավունք» հանդեսի խմբագրություն
  • «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»

Աշխատակիցներ




Դեկան` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գագիկ Ղազինյան

Դեկանատ` (+374 60) 71-02-32,
(ներքին 12-32)
law@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ