Սիրելի՛ ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ,
Երևանի պետական համալսարանի ՈՒսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպում է երիտասարդական գիտաժողովներ, որոնց ընթացքում ներկայացված լավագույն զեկուցումները հրատարակվում են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականում:
Դեռևս 1920-ական թթ., երբ նոր էին ձևավորվել ուսանողական գիտական առաջին խմբակներն, Մայր բուհում դրվեցին ուսանողական հրատարակումների ավանդույթների հիմքերը: Համահամալսարանական ՈՒԳԸ ստեղծումից հետո հրատարակումները ստացել են ավելի համակարգված բնույթ, և պարբերաբար լույս են տեսել ուսանողների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածուներ: 1940-1980-ական թթ. հրատարակվել են «Ուսանողական գիտական տեղեկագիր», «Ուսանողական գիտական աշխատությունների ժողովածու», «Ուսանողական գիտական աշխատանքներ» և այլ խորագրերով հանդեսներ և ժողովածուների տասնյակ բազմահատորյակներ: Ընդհանուր առմամբ հրատարակվել է մի քանի հարյուր ժողովածու:
Հետխորհրդային շրջանում հրատարակումների ավանդույթներն սկսել են վերականգնվել 1990-ական թթ. վերջին. հրատարակվում են «Գիտական տեղեկագիր» և «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսների ուսանողական հավելվածներ և «Երիտասարդ գիտնականների հոդվածների ժողովածու» խորագրով երկհատորյակ: 2001-2009 թթ. հրատարակվել են գիտական հոդվածների մի քանի ժողովածուներ ևս, իսկ 2010-2011 թթ. ուսանողական գիտական հրատարակումները վերականգնել են նախկին ավանդույթները. տարեկան հրատարակվել են գիտական հոդվածների և թեզիսների մի քանի ժողովածուներ, մասնավորապես՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանի հինգհատորյակը:
Վերջին տարիներին ՈՒԳԸ գիտական հրատարակումները հստակ կանոնակարգվել են և ստացել պարբերական բնույթ: Յուրաքանչյուր ուսումնական տարում հրատարակվում են երիտասարդական գիտաժողովների լավագույն աշխատանքներից կազմված «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականը՝ բնական և հասարակական գիտությունների առանձին համարներով: Հարկ է նշել, որ միայն 2011 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. դեկտեմբերն ԵՊՀ ՈՒԳԸ կողմից հրատարակվել է ՀՀ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 19 և թեզիսների 3 ժողովածու, 6 մենագրություն, ավելի քան 700 գիտական հոդված, մոտ 100 թեզիս:
2019 թ.-ից ԵՊՀ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականը տարվա ընթացքում լույս է տեսնում 2 անգամ (հունիս և դեկտեմբեր ամիսներին) բնական և ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար և հասարակական գիտությունների առանձին հատորյակներով՝ յուրաքանչյուրը 120 տպաքանակով:
Պարբերականի խմբագրական խորհրդի կազմը հաստատված է ԵՊՀ ռեկտորի 114§48 առ 24․06․2019 թ.-ի հրամանով: