Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,
ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում տպագրության ներկայացվող աշխատանքը պետք է նախապես ներկայացված լինի ՈՒԳԸ որևէ գիտաժողովի ընթացքում, որպեսզի ապահովված լինի երիտասարդական գիտական աշխատանքի նախնական քննարկումը գիտական հանրության (տվյալ դեպքում՝ պրոֆեսորադասախոսական կազմ, երիտասարդ գիտնականներ) ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում հրատարակության ներկայացվող գիտական աշխատանքներն անցնում են գրախոսման և երաշխավորման որոշակի ընթացակարգ, մասնավորապես.
- Աշխատանքը երաշխավորվում է գիտական ղեկավարի և համապատասխան ամբիոնի կողմից:
- Հավաքված աշխատանքները ներկայացվում են համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդին՝ տպագրության արժանի աշխատանքներն առանձնացնելու, մասնագիտական տեսանկյունից խմբագրելու և վերջնարդյունքում տպագրության երաշխավորելու (կամ մերժելու) համար: Աշխատանքների մասնագիտական խմբագրումն իրականացնում է ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական խորհրդում առանձնացված պրոֆեսորադասախոսական կազմը:
- Ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից երաշխավորված և մասնագիտորեն գրախոսված/խմբագրված աշխատանքներից կազմվում է հոդվածների ժողովածու, որը ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությանը:
- ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երաշխավորվելուց հետո ժողովածուն ներկայացվում է ԵՊՀ հրատարակչություն, վերջնական խմբագրվում և սրբագրվում են ու տրվում տպարան:
Գիտական հոդվածը չի կարող տպագրվել, եթե չի համապատասխանում ՈՒԳԸ կողմից ներկայացվող չափորոշիչներին: