2013-11-22 16:42:05
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Առաջիկա 5 տարիներին ևս Արհեստակցական կազմակերպությունը ղեկավարելու է Արմեն Ավետիսյանը:
Այսօր կայացավ Արհեստակցական կազմակերպության 4-րդ համագումարը: Oրակարգային հարցերի շարքում հաստատվեց նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմնի՝ Արհկոմիտեի կազմը:
Համագումարի ավարտից անմիջապես հետո էլ գումարվեց նորընտիր Արհկոմիտեի առաջին նիստը, որին մասնակցում էին բոլոր 31 անդամները: Օրակարգային հարցերը երկուսն էին` նախագահի և քարտուղարի ընտրությունը:
Նիստը վարում էր Արհկոմիտեի ամենատարեց անդամը` Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Միտուշ Թորոսյանը:
Առաջադրված միակ թեկնածուն Արմեն Ավետիսյանն էր, ով քվեարկության արդյունքներով միաձայն, 5 տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ:
Ա.Ավետիսյանի առաջարկությամբ Արհկոմիտեն միաձայն քարտուղար ընտրեց հաշվապահության և գնումների, մատակարարման ու պահեստավորման բաժնի արհբյուրոյի նախագահ Արտաշես Մամաջանյանին:
«Մեր գործունեության ընթացքում առաջնորդվել ենք «Հանուն համալսարանական համերաշխության, աշխատավորների իրավունքի, սոցիալական արդարության» կարգախոսով: Մենք կողմնակից չենք ներքին անկայունության պայմաններում սոցիալական ու իրավական այս կամ այն խնդիրը լուծելուն, այլ կողմ ենք մշտական, ամենօրյա, հավասարակշռված մարտավարության միջոցով աշխատակիցների իրավականն խնդիրների և սոցիալական վիճակի բարելավմանը` այն դարձնելով համալսարանի առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ամփոփիչ ելույթում նշեց վերընտրված նախագահ Արմեն Ավետիսյանը: