2015-05-20 15:06:41
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Առաջիկա 3 տարիներին ևս ԵՊՀ-ում գործատուի և աշխատողների հարաբերությունները կարգավորվելու են նաև Կոլեկտիվ պայմանագրով:
Այսօր այն ստորագրեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:
«Առաջին անգամ համալսարանում կոլեկտիվ պայմանագիր ստորագրվել է 2007 թվականին: Երրորդ կոլեկտիվ պայմանագրի մշակման աշխատանքները մեկնարկել էին դեռևս այս տարվա մարտ ամսին համապատասխան հանձնաժողովի միջոցով»,- փաստեց ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:
Կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման և քննարկման հանձնաժողովը գրեթե ամբողջովին վերանայել է նախկին պայմանագիրը, ապա մշակված նախագիծն ուղարկել ֆակուլտետներ և կառուցվածքային ստորաբաժանումներ` քննարկելու համար: ԵՊՀ շուրջ 2800 հիմական աշխատողներից քննարկումներին մասնակցել են ավելի քան 2000-ը, մասնակիցների ավելի քան 95% կողմ է քվեարկել պայմանգրի նախագծին: Ստացված արդյունքներն ի մի բերելուց հետո հանձնաժողովը փաստաթուղթը ներկայացրել է ստորագրման:
«Պետք է փաստենք, որ այս պայմանագրով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բավականին մեծ առաջընթաց ենք ունենում, արդեն քննարկում ենք պաշտոնի անձնագրերի, պաշտոնի տեղակալման հարցերը: Այդ փաստաթղթերն այժմ պատրաստման փուլում են: Թե՛ գործատուի, թե՛ Արհմիության սկզբունքային մոտեցումները մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարելավման ուղղությամբ ամրագրված են պայմանագրում»,- նշեց հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից, որոնցից 3-ը՝ ԵՊՀ պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանը, Արարատ Մալխասյանը և ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը, ներկայացնում են գործատուին, մյուս 3-ը՝ Իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Աշոտ Պետրոսյանը, Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Ռազմիկ Մխիթարյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության քարտուղար Արտաշես Մամաջանյանը` Արհեստակցական կազմակերպությունը: Հանձնաժողովը նախագահում է Ռուբեն Մարկոսյանը, իսկ քարտուղարը Արտաշես Մամաջանյանն է:
«Այս պայմանագիրը կարևոր է նաև այն տեսակետից, որ մենք մինչև վերջ դեռ չենք հստակեցրել գործատու-աշխատող հարաբերությունները. դրանք հիմնականում համակարգվում են հին կանոնակարգերով ու ավանդույթներով, որոնք նոր պայմաններում արդեն չեն աշխատում: Դրա համար ունենում ենք ֆինանսական կորուստներ, աշխատանքի ցածր արդյունավետություն: Անցյալից եկած մի երևույթ էլ կա՝ համահավասարեցումը. լավ աշխատողն ու վատ աշխատողը, ըստ էության, օգտվում են նույն պայմաններից, շատ դեպքերում ստանում նույն աշխատավարձը, որն անթույլատրելի է»,- կարծում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:
Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն էլ, շնորհակալություն հայտնելով հանձնաժողովին կատարած աշխատանքների համար, նշեց, որ այս կոլեկտիվ պայմանագիրը նախորդների համեմատ քայլ առաջ է:
«Այս պայմանագրում կան դրույթներ, որոնք նախկին պայմանագրում բացակայում էին: Հատկապես մայրության պաշտպանությանը նվիրված բաժինը: Ընդլայնվել և բարելավել են աշխատանքի վարձատրության, աշխատանքային հարաբերությունների և պայմանների, աշխատաժամանակի և հանգստի, սոցիալական ապահովածությանը վերաբերող բաժինները, առավել հստակեցվել են գործատու արհմիություն փոխհարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկն էլ այն, որ հետայսու գործատուն իր նախաձեռնությամբ աշխատողների որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը կարող է իրականացնել միայն Արհմիության նախնական գրավոր համաձայնությամբ: Եթե Կոլեկտիվ պայմանագրի բոլոր դրույթները կարողանանք կյանքի կոչել, դրանից կշահի և՛ ԵՊՀ-ն, և՛ կոլեկտիվը»,- հավաստիացրեց Արմեն Ավետիսյանը:
ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության կայքի «Փաստաթղթեր» բաժնում, իսկ տպագիր տարբերակով (3.000 օրինակ) Արհեստակցական կազմակերպությունը բաժանելու է աշխատակիցներին: