2013-11-22 16:21:34

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՆԱԽՈՐԴ 5 ՏԱՐԻՆԵՐԸ

Այսօր կայացավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 4-րդ համագումարը, որն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Համագումարին մասնակցում էին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 4-րդ համագումարի 192 պատվիրակներից 171-ը:

Նիստի սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ կարևորելով ԵՊՀ-ի նման մեծ կառույցում Արհեստակցական կազմակերպության դերը:

«Կոլեկտիվում կարևոր խնդիրներից մեկն էլ արդարության ապահովումն է: Արհմիութենական կազմակերպության հիմնական խնդիրը ոչ միայն վարչակազմի բացթողումները վերհանելն ու մատնացույց անելն է, այլև շտկելը: Դրա համար Ձեզ մաղթում եմ ուժ և քաջություն, որպեսզի վեր կանգնեք բոլոր մանր-մունր խնդիրներից, որոնք ծագում են ցանկացած կազմակերպությունում»,- նշեց պարոն Սիմոնյանը:

Համագումարի օրակարգային հարցերը 7-ն էին: Նախ Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց 2009-2013 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ անցած 5 տարիների կարևոր ձեռքբերումներից մեկը համարելով կոլեկտիվ պայմանագրի կնքումը:

«Ակնհայտ է, որ արհեստակցական կազմակերպության գործունեության արդյունավետությունը, հետևաբար աշխատողների շահերի պաշտպանությունը հիմնականում պայմանավորված են անհատական և հատկապես կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությամբ՝ նրանում ընդգրկված դրույթների նպատակայնությամբ, սոցիալական ծրագրերի հստակ ձևակերպմամբ: Հասկանալի է, որ կոլեկտիվ պայմանագիրը չի կարող ավելի գերակա իրավական ուժ ունենալ, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, սակայն գործատու-արհեստակցական կազմակերպություն փոխհարաբերություններում աշխատանքի և դրա հետ կապված այլ սոցիալական խնդիրներին հնարավոր լուծում տալու լավագույն միջոց է»,- նշեց պարոն Ավետիսյանը:

Կազմակերպության նախագահն անդրադարձավ նաև վերջին 5 տարիներին ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ըստ այդմ՝ տարբեր հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը բարձրացել են միջինը 58%-ով: «Չնայած աշխատավարձը բարձրացված է, սակայն իրական սոցիալական վիճակը կախված է դրամաչափի գնողունակությունից, որն այսօր կրկնակի կամ ավել չափով պակաս է 2009 թվականի համարժեքից»,- նշեց պարոն Ավետիսյանը:

Կազմակերպության գործունեության ֆինանսական հատվածում պարոն Ավետիսյանը նշեց, որ գերակա է եղել սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացումը: Առավել ընդգրկուն ծրագիրը սոցիալապես անապահով աշխատակիցներին դրամական աջակցությունն է, որի ենթածրագրերն են կազմում հանգստի կազմակերպման համար տրամադրվող զեղչերը, դժբախտ դեպքերում աշխատակիցներին աջակցելը, միանվագ ծննդօգնությունը և այլն:

Նշենք, որ 2010 թ-ից մինչ այսօր արդեն 166 աշխատակից օգտվել է «Ծննդօգնություն համալսարանականներին» ծրագրից: Նրանցից 77-ին առաջին երեխայի, 67-ին՝ երկրորդ, 18-ին՝ երրորդ, 2-ին՝ չորրորդ և 2-ին՝ առաջին զույգ երեխայի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 9 մլն 765 հազար դրամ գումար:

Արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է նաև «10 տոկոս զեղչով ԱՊՊԱ» և «Անվճար իրավաբանական օգնություն համալսարանականներին» ծրագրերը:

Սոցիալական ծրագրերի համար 5 տարվա ընթացքում ծախսվել է շուրջ 160 մլն դրամ, որը կազմում է ընդհանուր մուտքերի 72 %-ը: Կոլեկտիվի համար մշակութային միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 26 մլն 395 հազար դրամ:

Այնուհետև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Կառլեն Գրիգորյանը ներկայացրեց իրենց հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել յուրաքանչյուր տարվա վերջին, երբ Արհկոմիտեն ներկայացրել է ծրագրային ֆինանսական հաշվետվությունը: Վերստուգիչ հանձնաժողովը Արհեստակցական կազմակերպության գործունեությունը գնահատեց բավարար:

Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը, ինչպես նաև հաստատվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմնի՝ Արհկոմիտեի կազմը: Կատարվեց նաև կանոնադրության խմբագրում և լրացում:

Նշենք, որ համագումարի պատվավոր հյուրերն էին նաև Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների նախագահները: