2015-04-28 15:39:28
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՆ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 07.04.2015 թ.-ի N60§11 հրամանով Մայր բուհի աշխատակիցները 2015 թ.-ի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պետք է անցնեն պարտադիր բուժզննում:
Ռեկտորն արձակել է վերոնշյալ հրամանը՝ առաջնորդվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի պահանջներով և ՀՀ Կառավարության՝ 2003 թ.-ի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշմամբ, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ դարձնել ԵՊՀ աշխատողների առողջության պահպանման ուղղությամբ տարվող միջոցառումները: Նշենք, որ բուժզննման մեջ մտնում են թերապևտիկ և պալարախտի դեմ ստուգումները:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ` նախնական բուժզննումն իր մեջ ներառում է նաև կազմակերպչական աշխատանքներ, մասնավորապես աշխատողների ցուցակագրում, որը Կադրերի բաժնի հետ իրականացնելու է Արհեստակցական կազմակերպությունը: Այնուհետև ֆակուլտետներում և կառուցվածքային այլ ստորաբաժանումներում աշխատողները պետք է տեղեկացվեն պարտադիր բուժզննման օրերի մասին:
«Ուզում եմ տեղեկացնել բոլոր աշխատողներին, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` պարտադիր բուժզննումից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, այլ կերպ ասած՝ հեռացնել աշխատանքից: Դրա համար կոչ եմ անում բոլոր աշխատակիցներին, որ պարտադիր բուժզննումը անցնեն նախատեսված ժամկետներում»,- նշում է Արմեն Ավետիսյանը:
Տեղեկացնենք, որ աշխատողները ոչ մի ֆինանսական պարտավորվածություն չունեն, պարտադիր բուժզննումը կատարվելու է ԵՊՀ բյուջեի հաշվին, աշխատանքային օրերին և ժամերին, Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում, որը գտնվում է Մոսկովյան 13 հասցեում: Ի դեպ, պոլիկլինիկան նույնպես պատահական չի ընտրվել, քանի որ այն շատ մոտ է համալսարանին, և աշխատակիցները ստիպված չեն լինի հավելյալ տրանսպորտային ծախսեր կատարել այնտեղ հասնելու համար:
Արհեստակցական կազմակերպության նախագահը փաստեց, որ բոլոր աշխատողները պետք է անձնական սանիտարական գրքույկներ ունենան, քանի որ նախորդ տարիներին նույնպես պարտադիր բուժզննում են անցել, սակայն հնարավոր է, որ կորցրել են կամ ինչ-ինչ պատճառներով չունեն. «Այդպիսի դեպքերում, որպեսզի աշխատակիցները ստիպված չլինեն լրացուցիչ գումար ծախսել, Արհեստակցական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցների հաշվին այդ գրքույկները տրամադրել նրանց»:
Հավելենք, որ Կառավարության ընդունած որոշմամբ՝ պարտադիր բուժզննումը վերաբերում է այն աշխատակիցներին, ովքեր ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներ են, սակայն ԵՊՀ-ում շատ քիչ ստորաբաժանումներ կան, որոնց աշխատակիցներն այդ գործընթացին չեն առնչվում, ուստի նրանց մյուսներից չառանձնացնելու համար պարտադիր բուժզննում կանցնեն ԵՊՀ բոլոր աշխատակիցները: