2014-09-10 11:34:56

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՈՒՀԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մասնակցել է արհեստակցական կազմակերպությունների միջազգային համագումարին:

Սեպտեմբերի 7-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Նալչիկ քաղաքում տեղի ունեցավ բուհերի արհեստակցական կազմակերպությունների Եվրազիական ասոցիացիայի 27-րդ հերթական համագումարը:

Համագումարն անցկացվեց Կաբարդինո-Բալկարիայի Խ.Մ. Բերբեկովի անվան  պետական համալսարանում: Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մի շարք բուհերի արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հայեցակարգային խնդիրներ՝ կապված բուհերի ղեկավարության հետ արհեստակցական կազմակերպությունների համագործակցության, կրթության որակի և կրթական գործընթացի գնահատման, նորմատիվ ակտերի մշակման, աշխատանքային պայմանների անվտանգ կազմակերպման, աշխատավարձերի բարձրացման հետ:

Համագումարի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, ով իր խոսքում կարևորեց ժամանակակից բուհի արդյունավետ սոցիալական քաղաքականությունը որպես որակյալ կրթական գործընթացի անհրաժեշտ բաղադրիչ: Տեղի ունեցավ նաև գործընկեր կազմակերպությունների փորձի և տեղեկատվության փոխանակում: