2015-12-03 10:49:57

ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՊՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկությամբ հունվարի 1-ից հաշմանդամության կարգ ունեցող աշխատակիցները, իրենց աշխատավարձից բացի, յուրաքանչյուր ամիս կստանան նաև հավելավճար

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկությամբ հունվարի 1-ից հաշմանդամության կարգ ունեցող աշխատակիցները, իրենց աշխատավարձից բացի, յուրաքանչյուր ամիս կստանան նաև հավելավճար»,- այս մասին այսօր հայտնեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը Մայր բուհի ղեկավարությանը ներկայացրել է սոցիալական ծրագրի առաջարկ: Ըստ այդմ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաման է ստորագրել, որի համաձայն` 2016 թ.-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող ԵՊՀ բոլոր աշխատողները ստանալու են լրացուցիչ հավելավճարներ՝

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 20.000 դրամի չափով,

2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 15.000 դրամի չափով,

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 10.000 դրամի չափով:

ԵՊՀ ռեկտորի N 218 § 31 հրամանում նշված է, որ հաշմանդամություն ունեցող ԵՊՀ աշխատողների հաշվառումը պետք է կազմակերպվի Արհեստակցական կազմակերպության միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրամադրված հաշմանդամության խումբը հաստատող որոշումը, և հաշվառված աշխատողների տվյալները պետք է ներկայացվի ԵՊՀ հաշվապահություն:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս որոշման կայացման համար հիմք է ծառայել ներկայիս հաշմանդամություն ունեցող ԵՊՀ աշխատողների սոցիալական վիճակը: Այդ է պատճառը, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, իրեն դրսևորելով որպես պատասխանատու սոցիալական գործատու, ընդառաջել է Արհեստակցական կազմակերպության նախաձեռնությանը:

Հարկ է ընդգծել, որ ծրագիրն անժամկետ է, և այն աշխատողները, ովքեր ցանկացած ժամանակահատվածում կներկայացնեն հաշմանդամության խումբը հաստատող փաստաթուղթ՝ հաջորդ իսկ ամսվանից կստանան այդ հավելավճարները:

Արհեստակցական կազմակերպության նախագահը չի բացառում նաև, որ շատ մարդիկ, տեղյակ չլինելով սոցիալական ծրագրերի մասին, շատ հաճախ չեն կարողանում օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից. «Շատ մարդիկ կան, ովքեր իսկապես ունեն հաշմանդամություն, սակայն երբևէ չեն դիմել համապատասխան բժշկական հանձնաժողովին՝ կարգ ստանալու համար: Մի պարզ օրինակ՝ սրտի ստենդավորում անցած մարդիկ համարվում են արդեն իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներ»:

Մեր այն հարցին, թե արդյոք հաշվի չի առնվել նաև այն գործոնը, որ շատ համալսարանականներ պարզապես չեն ցանկանա օգտվել ընձեռված լրացուցիչ հնարավորությունից, հետագայում աշխատանքային խնդիրների չբախվելու համար, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Գործատուի և անձամբ իմ անունից պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխատողների շրջանում առկա այդ մտավախությունը զուր է: Հաշմանդամություն ունենալը աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացնելու, և հակառակը՝ այս պարագայում նրանք պարզապես սոցիալական ծրագրի շահառուներ են դառնալու»:

Տեղեկացնենք նաև, որ բացի Մայր բուհի սոցիալական այս ծրագրից՝ ՀՀ Կառավարությունը վերջին երկու տարիներին ակտիվորեն իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնց հետագայում կարող են մասնակցել նաև համալսարանականները: