2016-10-11 17:35:57
ԲՈՒՀԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի 29-րդ համագումարն այս տարի հյուրընկալել է ԵՊՀ-ն:
Ամեն տարի տարբեր երկրներում անցկացվող համագումարն այս տարի Երևանում տևելու է հոկտեմբերի 10-ից 13-ը: Առաջիկա օրերին 7 երկրներից ժամանած շուրջ 50 մասնակիցներ քննարկելու են աշխատողների և ուսանողների սոցիալական, իրավական պաշտպանվածության խնդիրները, ինչպես նաև արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:
Համագումարի հանդիսավոր մեկնարկը տրվեց այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: Մասնակիցներին նախ ողջունեց Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Իգոր Կոտլոբովսկին, ապա խոսքը փոխանցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նա ԵՊՀ պատմությունը, կառուցվածքը, գիտակրթական ոլորտներում ունեցած դերն ու միջազգային կապերը ներկայացնելուց հետո անդրադարձավ Արհեստակցական կազմակերպությանն ու դրա նշանակությանը համալսարանականների համար:
«ԵՊՀ արհմիությունը հիմնադրվել է 1947 թ.-ին: Խորհրդային միության փլուզումից հետո մեր համալսարանն իր արհմիությունը պահպանեց, և կարծում եմ՝ այսօր այդ կառույցն ավելի ուժեղ է, քան խորհրդային տարիներին: ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մեջ կարևոր ուղղություններ են սոցիալական ծրագրերը՝ ուղղված և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին, որոնք մենք իրականացնում ենք Արհեստակցական կազմակերպության օգնությամբ»,- նշեց պարոն Սիմոնյանը:
Համագումարի ընթացքում տարբեր երկրների բուհերի արհմիությունների ներկայացուցիչները հանդես են գալու զեկուցումներով, ներկայացնելու են իրենց փորձը, բարձրացնելու են ոլորտին հատուկ խնդիրներ ու փորձելու են համատեղ լուծումներ գտնել:
«ԵՊՀ-ում բարի ավանդույթ է, որ աշխատակիցների խնդիրները քննարկվում են Արհեստակցական կազմակերպության և գործատուի հետ ու լուծում ստանում, բնականաբար օրենքի սահմաններում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ խնդիրներ չծագեն: Դրան նպաստում է նաև կոլեկտիվ պայմանագիրը»,- ասում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը և հավելում, որ ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն էր, որտեղ 2007 թ.-ին կոլեկտիվ պայմանագիր կնքվեց գործատուի և արհմիության միջև:
Համագումարի ընթացքում նաև նշվեց, որ ԵՊՀ-ն պատրաստվում է իր աշխատակիցների համար առողջապահական ապահովագրության ծրագիր ներդնել սեփական միջոցների հաշվին: Գործընթացն արդեն սկսվել է և ավելի տեսանելի կդառնա եկող տարեսկզբին:
Նշենք, որ համագումարի ավարտին բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվելու է հռչակագիր, որում զետեղված կլինեն բարձրացված բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: