2017-12-25 15:27:03

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՐՀԲՅՈՒՐՈՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը շարունակում է ակտիվորեն իրականացնել սոցիալական մի շարք ծրագրեր:

Երևանի պետական համալսարանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը շարունակում են ակտիվորեն իրականացնել սոցիալական մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են բուհի աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը:

Մասնավորապես սոցիալական գործընկերության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք աշխատանքներ սոցիալական քաղաքականության ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով համալսարանի աշխատողների հանգստի, առողջության պահպանման, սոցիալական տարբեր խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրագործումը:

Անցած ուստարվա ընթացքում իրականացված աշխատանքների, արդյունքների, արձագանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին «Երևանի համալսարան» թերթի աշխատակից Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ արհեստակցական կազ-մակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի հետ: 

-Պարո՛ն Ավետիսյան, ԵՊՀ-ն 2017 թ.-ից իր աշխատակիցների համար ձեռք է բերել բժշկական ապահովագրության փաթեթ: Ի՞նչ փուլում է ծրագիրը:

- Երևանի պետական համալսարանը 2017 թ.-ի հունվարի 1-ից իր հիմնական աշխատողների համար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունից մրցութային կարգով ձեռք է բերել բժշկական ապահովագրության փաթեթ, որն ապահովագրության միջոցով տարեկան կանխարգելիչ հետազոտություն, աշխատակիցների տարեկան պարտադիր բժշկական զննում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, պայմանագրով նախատեսված հիվանդությունների ամբուլատոր և ստացիոնար բուժում, քրոնիկ հիվանդությունների սրացման բուժում իրականացնելու հնարավորություն է տալիս: ԵՊՀ 1024 աշխատակիցներ կիսամյակային տվյալներով (հունվար-հունիս) ապահովագրական ընկերություն են դիմել շուրջ 2.000 անգամ և ստացել փոխհատուցում: Այն փաստը, որ բժշկական ապահովագրության փաթեթում ընդգրկվել է մոտ 2.200 ԵՊՀ աշխատակից և մինչև տարվա վերջ, վստահ եմ, ապահովագրական ընկերություն դիմողների թիվը հաստատ կհասնի 2.000-ի, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ծրագիրը հաջողված է: Սակայն դա չի նշանակում, որ փաթեթն էլ առավել կատարելագործելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվելու: Հարկ է նշել, որ սկզբնական փուլում ԵՊՀ աշխատակիցների շրջանում թյուրըմբռնում կար առ այն, որ տվյալ փաթեթը լիարժեք չէ, քանի որ չի ներառում պլանային վիրահատությունները: Սակայն մի շարք հանդիպումներից հետո՝ արդեն իսկ փետրվար ամսից, ապահովագրական ընկերություն դիմողների թիվը սկսեց աճել: Այնուամենայնիվ, թերացումներ կային ինչպես ապահովագրական ընկերության, այնպես էլ աշխատակիցների կողմից, որոնք մեր իրականացրած աշխատանքների արդյունքում հարթվել են: Մասնավորապես եղել է դեպք, երբ մեր աշխատակցին սրտի շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը պահանջում էր երեք ստենդի տեղադրում, սակայն ապահովագրական ընկերությունը պարտավորվել էր վճարել միայն մեկ ստենդի համար՝ մյուս երկուսը համարելով պլանային: Երկար բանակցություններից հետո, ի վերջո, ապահովագրական ընկերությունը վճարեց երեք ստենդների համար, քանի որ վիրահատությունը շտապ էր, և դրանից էր կախված մեր աշխատակցի կյանքը: Այսինքն՝ խնդիրները հարթվում են նաև այս տարբերակով: Չի եղել մի դեպք, երբ ԵՊՀ աշխատակիցը դիմի մեզ, և նրա շահերը պայմանագրով նախատեսված կետերի սահմաններում չպաշտպանվեն: 

Հավելեմ նաև, որ 2018 թ.-ի համար հայտարարված է նոր մրցույթ, ըստ որի՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկով նոր փաթեթում նախատեսվում է ընդգրկել նաև պլանային վիրահատությունների փոխհատուցումը: Հույս ունենք, որ ԵՊՀ աշխատակիցների համար գործող բժշկական ապահովագրության փաթեթն առավել կընդլայնվի:

- Ինչպե՞ս է ընթացել անցած ուստարվա ընթացքում համալսարանում իրականացվող սոցիալական այլ ծրագրերի իրագործումը, ի՞նչ խնդիրներ են եղել, և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում առաջիկայում:

- Երևանի պետական համալսարանի և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերն էլ շարունակական բնույթ են կրում: Մասնավորապես ինչպես և յուրաքանչյուր ուստարի, այնպես էլ 2016-2017 ուստարում ԵՊՀ աշխատողների՝ ԵՊՀ-ում սովորող 160 երեխաների համար կիրառվել է ուսման վարձի մինչև 80% զեղչ՝ ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացնելով 52.701.500 դրամ, իսկ խրախուսման և օգնության նպատակով 82 աշխատողի հատկացվել է 15.150.000 դրամ: Այս տարի ևս աշխատողների 2.220 երեխաների և թոռնիկների ամանորյա ուրախ տրամադրությունն ապահովելու նպատակով ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն իր ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպել է միջոցառումներ` ամանորյա ներկայացման տոմսերի և նվերների հատկացմամբ: Տոնական բոլոր օրերին նույնպես իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Հատկացված ուղեգրերով Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում իրենց հանգիստն են կազմակերպել համալսարանի շուրջ 880 աշխատողներ, նրանց ընտանիքի անդամներ և ուսանողներ, իսկ սոցիալապես առավել անապահով աշխատակիցների նկատմամբ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը կիրառել է ուղեգրերի արժեքը 50 տոկոսով զեղչելու սկզբունքը: ԵՊՀ նորապսակ աշխատողներին Արհես-տակցական կազմակերպությունը հատկացնում է Ծաղկաձորի անվճար հնգօրյա ուղեգիր, և այս տարի ծրագրից օգտվել է 15 զույգ: 

Շարունակելով «Ծննդօգնություն համալսարանականներին» ծրագիրը՝ 78 աշխատողի ընդհանուր առմամբ հատկացվել է 2. 975.000 դրամ գումար: Շարունակում է գործել նաև անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայությունը ոչ միայն աշխատանքային, այլև քաղաքացիաիրավական, ընտանեկան, վարչական և այլ իրավական խնդիրների վերաբերյալ, որից օգտվել է շուրջ 96 համալսարանական: 

Այս ամենից զատ՝ մեր կազմակերպության առաջարկով և ռեկտորի որոշմամբ՝ ԵՊՀ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար 2016 թ.-ի հունվարի 1-ից իրականացվող սոցիալական ծրագրից ուստարվա ընթացքում օգտվել է 69 աշխատող՝ ստանալով 770.000 դրամ հավելավճար:

- Հայտնի է, որ իրականացվում են այլ ծրագրեր նույնպես, որոնք ուղղված են ոչ միայն համալսարանականների, այլև հասարակության այլ շերտերի սոցիալական վիճակի բարելավմանը...

- Այո՛, Երևանի պետական համալսարանը հասարակության տարբեր շերտերի հանդեպ բարձր սոցիալական պատասխանատվություն ունի, ուստի պարբերաբար հանդես է գալիս ակտիվ նախաձեռնություններով: Նմանաբնույթ միջոցառումներից է 2016 թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիճակի բարելավմանն ուղղված ծրագիրը: Այդ նպատակով ԵՊՀ-ն 2016 թ.-ի հունիսի 1-ից իրականացնում է զոհված 24 զինծառայողի 56 անչափահաս երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալն ամենամսյա դրամական օգնություն տրամադրելու ծրագիր: Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի մեկ անչափահաս երեխային ամսական վճարվող օգնության չափը 40.000 ՀՀ դրամ է, իսկ նույն ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 20.000 ՀՀ դրամ:

- Իսկ ինչպե՞ս է իրականացվում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և ֆակուլտետային ու մյուս ստորաբաժանումների արհբյուրոների միջև աշխատանքային գործընթացը:

- Պետք է ասել, որ, իսկապես, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և ֆակուլտետային ու մյուս ստորաբաժանումների արհբյուրոների միջև աշխատանքներն ամենօրյա են: Համալսարանականներն իրենց խնդիրներն ու հարցերը մեզ են հասցնում հենց այդ օղակների միջոցով, ուստի կապը բավականին ակտիվ է: Սոցիալական բոլոր ծրագրերի կազմակերպման գործընթացներին մասնակցում են նաև ֆակուլտետային ու մյուս ստորաբաժանումների արհբյուրոների նախագահները և ներկայացուցիչները, ովքեր էլ տեղեկատվությունը հասցնում են համապատասխան խմբերին: Ընդհանուր առմամբ աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով և փոխըմբռնման դրական մթնոլորտում: