2017-04-07 16:50:37

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑՆԵՆ

Ապրիլի 8-ից կմեկնարկի ԵՊՀ երիտասարդ դասախոսների և գիտաշխատողների համար նախատեսված քառօրյա դասընթացը, որի նպատակն է բարձրացնել նրանց մարտական պատրաստությունը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ԵՊՀ դասախոսների և գիտաշխատողների համար ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացնի քառօրյա դասընթաց: Այն համալսարանականներին հնարավորություն կտա ստանալու գիտելիքներ զենքի կիրառման, դրանց առանձնահատկությունների և առաջին բուժօգնության հիմունքների վերաբերյալ:

4-ժամյա դասընթացների ընթացքում ծրագրի մասնակիցները կտիրապետեն զենքին, կիմանան հակառակորդի մարտավարությունը, ինչպես նաև մարտի դաշտում կկարողանան առաջին բուժօգնություն ցուցաբերել: Ծրագիրը մշակել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը:

Նախաձեռնության հեղինակ, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, քանի որ հետաքրքրվողները շատ են. «Այս ծրագիրը երաշխավորվել և հաստատվել է ԵՊՀ ռեկտորի կողմից: Այս նախաձեռնությամբ ԵՊՀ-ն սկիզբ է դնում մի ծրագրի, որը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Կարծում եմ՝ արդյունավետությունը մեծ կլինի, քանի որ տեսական և գործնական պարապմունքները լի են ռազմական ոլորտին առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ դասախոսություններով»:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսների հետ հանդիպեցին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը և ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պլանավորման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Արմենակ Վարդանյանը: Նրանք տեղեկացրեցին, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է այս ձևաչափով և բովանդակությամբ անցկացվում դասընթաց, որը հնարավորություն կտա երիտասարդ դասախոսների և գիտնականներին ձեռք բերելու ռազմական ոլորտին վերաբերող տարրական գիտելիքներ:

Մարտական պատրաստության բարձրացմանը միտված դասընթացները կանցկացվեն Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում: Բաժնի պետը տեղեկացրեց, որ դասընթացի առաջին օրը մասնակիցները ստանալու են գիտելիքներ հետախուզական պատրաստության, համազգեստների, տարբերանշանների մասին, ինչպես նաև լիցքավորելու և կրակելու են հրաձգային զենքերով: Դասընթացի առաջին երկու պարապմունքները կրելու են տեսական բնույթ, որին հաջորդելու են գործնական պարապմունքները:

«Ինչպես նորակոչիկները, այնպես էլ երիտասարդ գիտնականները մանրամասն կծանոթանան զենքերին, կուսումնասիրեն դրանց առանձնահատկությունները: Անդրադարձ կկատարվի նաև ճիշտ նշանազարկին բերելու հմտություններին, որից հետո վարժասարքի վրա կկատարվի առաջին կրակային փորձը»,- ասաց գնդապետ Վարդանյանն ու հավելեց, որ եթե յուրաքանչյուր զինվոր ճիշտ իմանա իր տեղն ու դիրքը, ապա այդ զինվորն անհաղթ կլինի:

Արմենակ Վարդանյանը նշեց նաև, որ ծրագրի մասնակիցները լավագույնս հանդես գալու դեպքում հնարավորություն կունենան մասնակցելու զինվորական նախնական պատրաստության ծրագրի երկրորդ փուլին, որը կտարբերվի նախորդից: Պաշտպանության նախարարությունը կմշակի դասընթացի արդյունավետության բարձրացմանը միտված նոր ձևաչափեր: Քառօրյա դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն՝ պարզելու համար, թե որքանով են յուրացրել թեմաները:

«Ազգ-բանակ գաղափարին միտված այս նախաձեռնությունը կնպաստի դասախոսների կրակային պատրաստության վիճակի բարելավմանը, ռազմական գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զարգացմանը»,- հանդիպման վերջում հավելեց Արմեն Ավետիսյանը:

Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ակնկալում է ծրագիրը դարձնել պարբերական, իսկ այժմ այդ հնարավորությունը ստացել են մինչև 40 տարեկան 40 դասախոսներ և գիտաշխատողներ: