2017-05-02 11:41:05

ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ԵՊՀ դասախոսների և գիտաշխատողների համար ՀՀ ՊՆ-ի աջակցությամբ ապրիլ ամսին անցկացրել է նախնական զինվորական պատրաստության դասընթաց:

Դասընթացն այն համալսարանականների համար էր, ովքեր օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված են: ԵՊՀ դասախոսների նախնական զինպատրաստության ծրագրի նախագիծը մշակվել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կողմից, արժանացել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավանությանը, ապա ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Դրանից հետո ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության հետ մշակվել և հաստատվել է դասընթացի ծրագիրը:

Քառօրյա դասընթացը մեկնարկել է ապրիլի 8-ին և անցկացվել է ամբողջ ամսվա ընթացքում՝ ամեն շաբաթ օր, որպեսզի դասախոսները կարողանային այն համատեղել աշխատանքի հետ:

Նախնական զինվորական պատրաստության դասընթացին մասնակցել են ԵՊՀ 40 դասախոս և գիտաշխատող: Վերջնագիծը հատել և վկայագրեր են ստացել նրանցից 29-ը: «Վկայագրեր չեն ստացել նրանք, ովքեր 2 և ավելի անգամ բացակայել են դասերից»,- հստակեցնում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Քառօրյա դասընթացի ընթացքում համալսարանականները մասնակցել են ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դաշտային պարապմունքների: Նախ ծանոթացել են հավանական հակառակորդի բանակի կառուցվածքին, սպառազինությանն ու մարտավարությանը, ապա ուսումնասիրել հրաձգային զենքերը, դրանց տեսակները, հատկություններն ու առավելությունները, սովորել հրաձգության հիմունքները (գնդակի թռիչք, արագություն, դիպուկություն, դիպման կետի որոշում, նշանակետի խոցում և այլն), ինչպես նաև հրաձգության կանոնները:

«Ազգ-բանակ գաղափարին միտված այս ծրագիր-դասընթացը ունեցավ անմիջական բնույթ, նպաստեց դասախոսների կրակային պատրաստության վիճակի բարելավմանը, ռազմական գիտելիքների ավելացմանը, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զարգացմանը»,- պնդեց Արմեն Ավետիսյանը:

Պարապմունքների մի մասը և՛ գործնական էին, և՛ տեսական: Ծրագրի մասնակիցները նաև հետախուզական պատրաստություն են անցել: Բացի դրանից՝ արդեն գիտեն նաև՝ ինչ բուժօգնություն է պետք ցուցաբերել մարտի դաշտում մարտական գործողությունների ընթացքում:

Երեք դասընթացների ընթացքում մասնակիցներն աշխատում էին վարժասարքերով, իսկ արդեն ապրիլի 29-ին նրանք, այսպես կոչված, «քննությունը» հանձնեցին դաշտային պայմաններում, որտեղ թիրախները խոցում էին իրական զենքերով և մարտական փամփուշտներով:

«Հուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ մեր դասախոսների մեծ մասը կարողացան խոցել թիրախը և բարձր ցուցանիշներ գրանցել: Կային դասախոսներ, ովքեր առաջին անգամ էին ձեռքը զենք վերցնում, և դա իրենց համար լավ փորձ էր: Աստված մի արասցե, եթե կարիք լինի, նրանք պատրաստ են գրիչը փոխարինել զենքով և մեկնել պետության սահմանները պաշտպանելու»,- եզրափակում է Արմեն Ավետիսյանը:

Նշենք, որ ծրագրի առաջին հաջող փորձը հաշվի առնելով՝ նախատեսվում է դրան շարունակական բնույթ տալ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ հաջորդ զինպատրաստությունը կանցկացվի այս կիսամյակի ավարտին կամ հաջորդի սկզբին: Ի դեպ, այս անգամ ծրագրին կարող են մասնացել նաև իգական սեռի ներկայացուցիչները: