2017-10-16 10:11:02
ԵՊՀ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆՏՐՎԵՑ ԵՀԱԱ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Հոկտեմբերի 12-14-ը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական համալսարանների արհմիությունների ասոցիացիայի (ԵՀԱԱ) 30-րդ հոբելյանական համագումարին:
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում (ՄՊՀ) կայացած համագումարին մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների շուրջ 25 համալսարանների արհեստակցական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՄՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, ով կարևորեց նմանաբնույթ հանդիպումները և նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ մեր համալսարանում, որտեղ բարձր մակարդակով քննարկվելու է արհմիությունների դերը բուհական աշխատողների իրավունքների պաշտպանության գործում»:
Համագումարի ընթացքում Վիկտոր Սադովնիչին, ով նաև Եվրասիական համալսարանների ասոցիացիայի նախագահն է, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանին կրթության և գիտության ոլորտում բուհերի միջև համագործակցության զարգացման, սոցիալական հավասարության սկզբունքների հետևողական իրականացման և բուհի աշխատակիցների սոցիալական բարեկեցության բարձրացման նպատակով իրականացրած աշխատանքների, ինչպես նաև ԵՀԱԱ 30-ամյակի կապակցությամբ հանձնեց շնորհակալագիր:
Զեկուցումով հանդես եկավ Եվրասիական համալսարանների արհմիությունների ասոցիացիայի նախագահ Իգոր Կոտլոբովսկին՝ ներկայացնելով ԵՀԱԱ անցած 30-ամյա ճանապարհը և հետագա զարգացման հեռանկարները:
ԵՀԱԱ համագումարի ընտրական գործընթացների արդյունքում պատվիրակները ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանին միաձայն ընտրեցին ԵՀԱԱ-ի փոխնախագահ:
«Բուհական աշխատողների մասնագիտական, սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում անհնար է անտեսել արհմիությունների դերը: Պետք է կարևորել նաև սոցիալական գործընկերությունը` որպես շահերի հավասարակշռման, սոցիալական համերաշխության և հավասարության ապահովման, ինչպես նաև խնդիրների լուծման արդյունավետ եղանակների որոշման հիմնական միջոց»,- իր ելույթում ընդգծել է Արմեն Ավետիսյանը:
Ի դեպ, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջինն է, ով Հայաստանի կողմից ընտրվել է կազմակերպության փոխնախագահ:
Համագումարի ընթացքում հիմնականում քննարկվեցին կրթության ոլորտում ազգային օրենսդրություններում իրականացվող փոփոխությունները, բուհերի աշխատակիցների սոցիալական վիճակը, ինչպես նաև կադրային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Զեկուցումներից հետո մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում արհմիութենական գործունեության արդյունավետության բարձրացման, համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման վերաբերյալ: