2016-10-13 17:01:08

ԲՈՒՀԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Հայ մասնակիցներից բացի՝ համագումարին ներկա էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակները:

Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի 29-րդ համագումարի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էր ԵՊՀ-ն:
 
Համագումարն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 10-ից 13-ը: Մի քանի օր 7 երկրներից ժամանած շուրջ 50 մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին տարբեր բուհերի արհեստակցական կազմակերպություններ, քննարկեցին աշխատողների և ուսանողների սոցիալական, իրավական պաշտպանվածության խնդիրները, ինչպես նաև արհմիությունների դերն աշխատողների իրավունքների պաշտպանության գործում: Հայ մասնակիցներից բացի՝ համագումարին ներկա էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակները:

Համագումարի հանդիսավոր բացումը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: Մասնակիցներին նախ ողջունեց Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Իգոր Կոտլոբովսկին, ով այնուհետև խոսքը փոխանցեց ԵՊՀ ռեկտորին: Մայր բուհի պատմությունը, կառուցվածքը, գիտակրթական ոլորտներում ունեցած դերն ու միջազգային կապերը ներկայացնելուց հետո Արամ Սիմոնյանն անդրադարձավ Արհեստակցական կազմակերպությանն ու դրա նշանակությանը համալսարանականների համար: 

«ԵՊՀ արհմիությունը հիմնադրվել է 1947 թ.-ին: Խորհրդային Միության փլուզումից հետո մեր համալսարանն իր արհմիությունը պահպանեց, և կարծում եմ՝ այսօր այդ կառույցն ավելի ուժեղ է, քան խորհրդային տարիներին: ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մեջ կարևոր ուղղություններ են սոցիալական ծրագրերը՝ ուղղված և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին, որոնք մենք իրականացնում ենք Արհեստակցական կազմակերպության օգնությամբ»,- նշեց պարոն Սիմոնյանը և եվրասիական բուհական համակարգում արհմիությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Իգոր Կոտլոբովսկուն հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: 

Ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: 

Համագումարի ընթացքում տարբեր երկրների բուհերի արհմիությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց փորձը, բարձրացնելով ոլորտին հատուկ խնդիրներ ու փորձելով համատեղ լուծումներ գտնել:

«ԵՊՀ-ում բարի ավանդույթ է, որ աշխատակիցների խնդիրները քննարկվում են Արհեստակցական կազմակերպության և գործատուի հետ ու լուծում ստանում, բնականաբար՝ օրենքի սահմաններում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ խնդիրներ չծագեն: Դրան նպաստում է նաև կոլեկտիվ պայմանագիրը»,- իր զեկույցում փաստեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը և հավելեց, որ ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն էր, որտեղ 2007 թ.-ին կոլեկտիվ պայմանագիր կնքվեց գործատուի և արհմիության միջև:

Համագումարի ընթացքում նաև նշվեց, որ ԵՊՀ-ն պատրաստվում է իր աշխատակիցների համար առողջապահական ապահովագրության ծրագիր ներդնել իր միջոցների հաշվին: Գործընթացն արդեն սկսվել է և ավելի տեսանելի կդառնա եկող տարվա սկզբին:

Հավելենք նաև, որ համագումարի ավարտին մասնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվել է հռչակագիր, որում զետեղված են բարձրացված բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: