2018-02-07 17:00:07

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

Այսօր ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնում է այցելություններ տարբեր մանկատներ և երեխաների խնամքի և աջակցության կենտրոններ: Այս անգամ երեխաների համար նախատեսված քաղցրավենիքն ու զանազան խաղալիքները կազմակերպության ներկայացուցիչները անձամբ փոխանցեցին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաներին:
 
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ ԵՊՀ աշխատողների նմանօրինակ այցելությունները շատ կարևոր են, քանի որ երեխաները բոլորից շատ ուշադրության կարիք ունեն:
 
«ԵՊՀ-ն, կարևորելով սոցիալական իր բաժին պատասխանատվությունը հասարակության կարիքավոր խմբերի հանդեպ, կարևորում է այսպիսի միջոցառումները: Մեր նպատակն է այնպես անել, որ այդ երեխաները ևս իրենց զգան հասարակության լիարժեք անդամ, ունենան այն գիտակցումը, որ իրենք ևս հանդիսանալու են մեր երկրի ապագա զինվորն ու ուսուցիչը, բժիշկն ու դասախոսը, նախարարն ու պատգամավոր: Սա մեր այս տարվա առաջին այցն էր: Նմանօրինակ հանդիպումները մանկատների և երեխաների աջակցության ու խնամքի կենտրոնների սաների հետ տարվա ընթացքում կրելու են պարբերական բնույթ»,- տեղեկացրեց Արմեն Ավետիսյանը:
 
«Զատիկ»-ը՝ որպես երեխաների աջակցության կենտրոն, գործում է 2012 թվականից: Մինչ այդ այն եղել է մանկատուն: Կենտրոնն այսօր նախատեսված է 6-18 տարեկան երեխաների համար: «Զատիկ» կենտրոնի մեթոդիստ-համակարգող Անահիտ Ամիրյանի խոսքով՝ այժմ իրականացվում է երկու ծառայություն՝ ցերեկային խնամք և ժամանակավոր շուրջօրյա խնամք: Ցերեկային խնամքի խմբում ընդգրկվում են Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, իսկ շուրջօրյա խնամքի խմբում՝ ռիսկային գոտում հայտնված երեխաները, ովքեր թեև ունեն ընտանիք, բայց անօթևան են կամ կարգապահության հետ կապված խնդիրներ ունեն և այլն:
 
«Բոլոր երեխաները սիրում են ստանալ նվերներ, սակայն նմանօրինակ այցերը ոգևորում են նրանց: Նրանք իրենց ուշադրության կենտրոնում են զգում, իսկ ջերմության և սիրո կարիք ունեն բոլոր երեխաները: Այդ ամենը պակասում է ընտանիքում, և երեխան այդ ջերմությունը ստանում է կենտրոնում»,- նշեց կենտրոնի սոցիալական մանկավարժ Կարինե Հայրապետյանը: