2018-04-12 17:26:49

ԵՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

ԵՊՀ-ում առաջիկա մեկ տարվա ընթացքում ևս գործատուի և աշխատողների հարաբերությունները կարգավորվելու են 2015 թվականին կնքված Կոլեկտիվ պայմանագրով:

ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 20-ին 3 տարի ժամանակով: Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը և ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 8.5 կետը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը համաձայնագիր են ստորագրել Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:  Կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչև 2019 թվականի մայիսի 20-ը:

Մեզ հետ զրույցում Արմեն Ավետիսյանը փաստեց, որ որոշման համար հաշվի է առնվել այն, որ Աշխատանքային նոր օրենսգրքի նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է գտնվում. «Քանի որ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենալու, նպատակահարմար գտանք նոր Կոլեկտիվ պայմանագիրը կնքել նոր Աշխատանքային օրենսգրքի ՀՀ ԱԺ կողմից ընդունվելուց հետո: Ներկայիս Կոլեկտիվ պայմանագիրը լիարժեքորեն արդարացնում է իրեն և փոփոխությունը կապված կլինի միայն Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ»: 

Ըստ Արմեն Ավետիսյանի՝ Կոլեկտիվ պայմանագիրը կարևոր է, քանի որ դրանով կարգավորվում են գործատու-աշխատող հարաբերությունների այն դրույթները, որոնք նախատեսված չեն աշխատանքային պայմանագրով և չեն հակասում Աշխատանքային օրենսգրքին. «Կոլեկտիվ պայմանագիրը հավելյալ սոցիալական երաշխիքներ և հավելյալ աշխատանքային իրավունքներ է տալիս աշխատողին»:

Հիշեցնենք, որ 2015 թվականին կնքված Կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակման հանձնաժողովը բաղկացած է  եղել 6 անդամից, որոնցից 3-ը ներկայացված էին գործատուի կողմից, իսկ մյուս 3-ը` Արհեստակցական կազմակերպության կողմից:

ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրին և գործողության ժամկետի երկարաձգման համաձայնագրին կարող եք ծանոթանալ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կայքի (ysutu.am«Փաստաթղթեր» բաժնում: